Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծանր աշխատության, համառ ջանքերի և ընդհարումների շնորհիվ նա հաջողել էր դպրոցի մեջ մտցնել կյանքի փոփոխություններ։ Այժմ գիշերօթիկները հագնվում էին ավելի լավ, ավելի մաքուր, ուտում էին ավելի թարմ և սննդարար կերակուրներ։ Դպրոցի խարխուլ շինությունը պահվում էր օրինակելի մաքրությամբ։ Հեռացած էին մի քանի կոպիտ, ծույլ և պղերգ վերակացուներ։ Աշակերտները վայելում էին ավելի ազատություն։ Նրանց մշտական թախծալի և մռայլ դեմքերի վրա երևում էին զվարթություն, ժպիտ և ծիծաղ։ Չկար այլևս առաջվա վախը ուսուցիչներից և վերակացուներից։ Կար միայն սեր և հարգանք։ Խստությանը փոխարինել էր խելացի, գիտակցական, մարդավարի հարաբերությունը։ Աշակերտները պարապվում էին ավելի եռանդով, ավելի սիրով և ավելի հաջող։ Նրանք գոհ էին իրենց վիճակից և հասկանում էին, թե ումն են պարտական այդ փոփոխությունով։ Դիմաքսյանին նրանք հարգում էին և սիրում ինչպես իրենց հազվագյուտ հովանավորին և պաշտպանին։ Եվ ոչ ոք չէր կարող այդ պաշտպանի մասին մի վատ խոսք ասել. ոչ ոք իրավունք չուներ նրա անունն արտասանել առանց հարգանքի, եթե չէր կամենում ենթարկվել ծաղրի, ատելության, այո՛, մինչև անգամ հալածանքի։

Մինչ այս մինչ այն՝ ձմեռն անցավ՝ Դիմաքսյանը բոլորովին կազդուրվեց, և դարձյալ զգում էր գործելու, պատերազմելու, հարվածելու և հարվածներ ստանալու անսահման եռանդ: Բայց հասավ գարունը, և նրա մեջ անսպասելի կերպով տեղի ունեցավ մի տարօրինակ հեղափոխություն։ Նրա եռանդը սկսեց թուլանալ, բարոյական ուժերը տկարացան, նրան տիրեց մի ինչ-որ ծանր, ճնշող թախիծ։ Կյանքը նրա համար առաջին անգամ թվաց տաղտկալի յուր բոլոր աղմուկներով և իրարանցումներով։ Այժմ նա թե՛ դպրոցում և թե՛ տանը սլարապվում էր ակամա։ Ոչ մի միտք, ոչ մի նվիրական գաղափար առաջվա չափ նրան չէր գրավում։ Նրա հոգին ձգտում էր դեպի մենություն։ Նա ուզում էր առանձնանալ մարդկանցից և անձնատուր լինել յուր մելամաղձիկ, անորոշ մտախոհություններին։ Ավարտելով դասերը դպրոցում, նա կամենում էր հանգստանալ — չէր կարողանում, փորձում էր