Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդալ ու գրել — անաջող. նա դուրս էր գալիս տնից և թափառում դեսուդեն, ինչպես թանկագին, անփոխարինելի կորուստ կրած մի մարդ, որ ոչ մի տեղ հանգստություն չէ գտնում։ Երբեմն նա գնում էր որևէ այգի, մտնում էր նեղ ճեմելիքները: Կար մի դառն, բայց, միևնույն ժամանակ, ախորժելի բան այդ առանձնության մեջ։

Ժամերով նա դիտում էր արեգակի ճառագայթների ուրախ խաղը ծառերի նորաբողբոջ տերևների հետ, ականջ էր դնում օդի հանդարտ շշուկին, թռչունների ուրախ ծլվլոցներին։ Նա պառկում էր նորաբույս դալար խոտի մեջ, խոնավ գետնի վրա, երեսը դեպի վեր և աչքերով հետևում գարնանային կապույտ երկնակամարում նազելի և հպարտ կերպով սահող ամպերին։ Թեթև, հեշտաշունչ, նոսր օդը լեռնային մաքուր զեփյուռի պես թափանցում էր մինչև նրա ոսկորների խորքը։ Թևատարած ուրուրները սլանում էին անհուն բարձրության վրա սևորակ ամպի փոքրիկ բեկորների պես։ Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների կրծքով, անտառների գագաթներով, դաշտերի և մարգերի վրա։

Սովորաբար նա նստում էր գետի ափից ոչ հեռու մի վիթխարի կաղամախի տակ։ Եվ այստեղ դաոն ու ախորժելի զգացումը ավելի սաստիկ էր համակում նրա սիրտը։ Մոռացվում էր իրականը, միտքն ակամա, ինքնըստինքյան սլանում էր դեպի երկնքի խորությունը։ Թևավոր թագուհիների եթերային բարձրությունը, հեռավոր ամպերի վսեմ ընթացքը, տիեզերքի անհուն, անհասանելի ծավալն ընդլայնում էին նրա երևակայության հորիզոնը։ Նրա իմացականությունը թռչում էր բարձր, քան ուրուրները, հեռու, քան ամպերը, արագ, քան արևի լույսը, և այնտեղից դիտում դեպի վեր երկինքը, դեպի վայր երկիրը։

Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոպիտ ձայն ընդհատում էր նրա մտածմունքների թելը և նրա ուշը գրավում դեպի յուր շուրջը։ Դա զբոսնող մարդկանց ձայներն էին, մի երեխայի ուրախ ճիչ — անախորժ, մի պառավ դայակի բարկացկոտ ձայն — ավելի վատ, կամ մի երիտասարդ մոր զվարթ քրքիջ — նույնքան տաղտկալի։