Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դրա ճարը ես գիտեմ,— գոչեց Մարիամը, վերցնելով յուր փայփայած փունջը, որ համբուրվելու միջոցին դրել էր պատուհանի վրա։— Ահա, Նատո, թեև մի քիչ թառամել են, բայց հազվագյուտ ծաղիկներ են։ Իմ մորաքրոջ աղջկա, Մարգարիտի, վերջին նվերն է, յուր ձեռովն է քաղել իրանց պարտեզից։ Այնքան սիրեցի, որ Դիլիջանից մինչև այստեղ բերի:

— Կարծես, Թիֆլիսում քիչ կա,— ասաց օրիորդ Նատալիան մի տեսակ արհամարհանքով,— շնորհակալ եմ, դու շատ բարի ես, Մարո, դիր ահա այն բաժակի մեջ։

Մարիամը փունջը դրեց առաջվա տեղը և յուր դժկամակությունը թաքցնելու համար, կրկին թեքվեց և սկսեց խոսել յուր շուրջը պտույտ-պտույտ անող փոքրիկ աղջկա և պատանիի հետ։

— Ինչո՞ւ ինձ չես տալիս ծաղիկները, ես կպահեմ իմ սեղանիս վրա,— ասաց աղջիկը, Մարիամին գրկելով։

Մարիամը տվեց նրան փունջը։

— Մամա, թույլ տուր այսօր տանը մնամ,— ասաց պատանին։

— Ինչո՞ւ,— հարցրեց տիկին Սոփիոն։

— Ուզում եմ Մարոյին ու Ռուբենին տեսնել։

— Լռի՜ր,— գոչեց մայրը, աչքունքը խոժոռելով,— Մարոն ու Ռուբենը չեն փախչում, կարող ես հետո էլ տեսնել: Կանչի՛ր ծառային, որ քեզ տանի ուսումնարան։ Դու էլ,— դարձավ նա փոքրիկ Լիգային,— ծաղիկները դիր տեղը ու գնա դասդ սովորիր։

Պատանին և աղջիկը ակամա ու տխրադեմ հպատակվեցին իրանց մոր խստաձայն հրամանին, կրկին ու կրկին ընդունելով Մարիամի համբույրները և գգվանքը։

— Իմ սիրելիներս,— ասում էր օրիորդը, մերթ դառնալլով Գաբոյին, մերթ Լիզային,— ես ձեզ ամեն օր հիշում էի: Գնացե՛ք, գնացե՛ք, էլի ես ձերն եմ։

Վերջապես, նա նստեց թեյ խմելու և սկսեց պատմել, թե ինչպես է ժամանակ անցկացրել Դիլիջանում։ Նիկողայոսը հայտնելով, որ գործ ունե, շտապով դուրս եկավ։

— Գիտենք, գիտենք, շատ ուրախ են անցել օրերդ,