Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա կոմիկական ձևերը Գայանեին չէին դուր գալիս, որքան ևս ծիծաղելի և զվարճալի լինեին։ Կինը ցանկանում էր, որ ամուսինը ավելի ծանրաբարո լինի, ավելի լուրջ, ինչպես վայել էր նրա դիրքին և հասակին։ Բայց և այնպես այդ միջոցներին նա երջանիկ էր, որովհետև ամուսնու հետ էր։ Իսկ հետո... երբ Իսակը դուրս էր գալիս տնից, երբ մնում էր մենակ, սկսվում էին տխուր, անտանելի ժամերը։ Նրա սրտում նորից բարձրանում էր սաստիկ ալեկոծության։

Ինչե՛ր չէր երևակայում, ի՛նչ սարսափելի տեսարաններ չէին ներկայանում նրան։ Թվում էր նրան, որ Իսակը այժմ նրան չի սիրում, ձանձրացել է բոլորովին... Այժմ, ավելի քան երբեք, նա խույս էր տալիս ազգականներից։ Այցելողներին ընդունում էր ուրախությամբ, իսկ ինքը ոչ մի տեղ չէր ցանկանում գնալ։

Երբեմն նրա մոտ գալիս էր տիկին Բախտամյանը և ամեն անգամ հանդիմանում էր, թե սառել է դեպի յուր ամենամոտիկ ազգականները, որ «աչքի լուսի պես են սիրում նրան»։

— Այդպես շուտ գոռոզացա՞ր, — ասաց մի անգամ տիկինը։

— Ես չեմ գոռոզացել։

— Ուրեմն, ինչո՞ւ չես գալիս։ — Հասկանում եմ, հասկանում եմ, մարդդ չի թողնում։ Նա չի ուզում քեզանից բաժանվել. այնքան սիրում է քեզ։ Գիտե՞ս, Գայանե, ես շատ ուրախ եմ, որ այդպիսի ամուսին ճարեցիր։ Իսակը օրինակելի մարդ է, նա քեզ պաշտում է, նա հոգին չի խնայիլ քեզ համար։ Ուրախացի՛ր, ուրախացիր, որ այդպիսի ամուսին ունես, դա երկնային երջանկության է։

Գայանեն ոչինչ չպատասխանեց։ Տիկնոջ խոսքերի մեջ նա զգում էր նուրբ, հազիվ ըմբռնելի հեգնություն, որ կծու կերպով շոշափում էր նրա զգայուն սիրտը։ Հանկարծ նրանց աչքերը հանդիպեցին միմյանց, և, ինչպես երկու միմյանց հերքող հակատարրեր, իսկույն արագությամբ խույս տվեցին իրարուց։

Տիկին Բախտամյանը նկատելի կերպով շփոթվեց, բայց նույն վայրկյանին զսպեց իրան։ Գայանեն սրտում զգաց