Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անտանելի ատելություն և երկյուղ դեպի այդ կինը։ Կարծես, նրա առջև նստած էր մի ոխերիմ թշնամի, մի վտանգավոր, սարսափելի թշնամի, որ յուր քնքուշ բարեկամական ձևերի տակ թաքցրած էր կորստաբեր ձգտում։ Նա պատրաստ էր հենց իսկույն, նույն վայրկյանին ցույց տալ դռները կամ մի թունավոր խոսքով վիրավորել նրան։ Բայց ինչո՞ւ, ի՞նչ փաստի հիման վրա, ի՞նչ մի շոշափելի արարքից դրդված...

Երկյուղը, կասկածը և ամոթխածությունը կաշկանդեց նրան։ Նա աշխատեց խեղդել յուր սրտի մեջ բռնկված թշնամական զգացումը։

Իսկ տիկին Բախտամյանն արդեն իշխել էր ինքն իրան։ Այժմ նա հանգիստ խոսում էր առօրյա բաների մասին, և այնպես, որ, կարծես, ոչինչ չէր տեսնում կամ զգում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում Գայանեի լռության վրա, որ ուրիշ անգամ կարող էր վիրավորել նրան մինչև հոգու խորքը։ Նա հանդարտ վեր կացավ և, ամուր սեղմելով Գայանեի ձեռքը, դիմեց դեպի դռները։ Գայանեի մարմնով անցավ տարօրինակ սարսուռ, երբ յուր ձեռքը զգաց նրա ձեռի մեջ, մի սարսուռ, որ մարդ կարող է զգալ, երբ նրա մարմնին հանկարծակի դիպչում է խոնավ, պաղ և թունավոր սողուն։ Ճանապարհ դնելով Բախտամյանին, նա անցավ յուր ննջարանը, գլուխը դրեց բարձին և ձեռներով ամուր բռնվեց գլուխը։

«Մի՞թե ես չեմ սխալվում, մի՞թե ես չեմ սխալվում», կրկնում էր նա, ավելի ու ավելի սեղմելով գլուխը։

Հետզհետե նա դառնում էր զգայուն, դյուրագրգիռ։ Երբեմն ցույց էր տալիս կապրիզներ՝ նույնիսկ ուտել-խմելու վերաբերմամբ։ Մերթ նա պահանջում էր մի որևէ տարաժամ պտուղ, որ անհնարին էր գտնել, մերթ ուտում էր այնպիսի բաներ, որ ուղղակի վնասակար էին։

Ամուսինը, այդ կապրիզները տանելով, երբեք չէր վրդովվում, երբեք չէր բողոքում, որովհետև գիտեր «բնական» պատճառը։ Բայց, կատարելով կնոջ պահանջները, երբեմն այնպիսի խոնարհ և հեզ դեմք էր ցույց տալիս, որ տեսնողը կարող էր կարծել, թե նա մի տեսակ կամավոր նահատակ է