Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինձ խաբում ես, դու ազատ ես, չեմ ուզում, որ դու ինձանից հեռանաս։ Վախենում եմ, ինքս ինձանից սարսափում եմ։ Ինձ անպատճառ մի վատ բան պետք է պատահի։

— Պատահելու է այն, ինչ որ բնականաբար պետք է պատահի։ Դու առաջինը չես և ոչ էլ վերջինը, մի՛ վախենա, սիրելիս, ամեն բան հաջող կանցնի։

Եվ մի քնքուշ, սիրալիր, ջերմ համբույր քաղեց Գայանեի գունատ այտից։

— Ո՛չ, ինձ խոսքով մի մխիթարիր, գործո՛վ ցույց տուր, որ սիրում ես։ Սիրտս դողում է, երբ մենակ եմ մնում։ «նրանից» չէ, հասկացի՛ր, ուրիշ բան է, ուրիշ բան...

— Ուրիշ բա՞ն...

— Այո՛, դու.. դու.. ինձ չես սիրում, դու ինձանից փախչում ես, իհարկե, ես տգեղացել եմ, о՜о, ես գիտեմ, դու լավ մարդ չես։

Եվ նա սկսեց հեկեկալ։

— Գայանե՛, դու ջղային ես, տկար ես, իհարկե, այդ հասկանալի է։ Բայց իզուր ես ինքդ քեզ հուզում, այդ վտանգավոր է, քեզ հանգստություն է հարկավոր։

— Հարկավոր է, ուրեմն թող ինձ, որ հանգիստ լինեմ։ Ասա՛, որ դու ինձ սիրում ես...

— Իհարկե, սիրում եմ, միթե դա նորությո՞ւն է, որ ասեմ։

— Ուրեմն քո աչքը ուրիշի վրա չէ՞, իմ տգեղությունը... ա՛յ, տեսնո՞ւմ ես, ինչպես փոխվել եմ... քեզ չե՞մ զզվեցնում։ Այնպես չէ՞, ասա, ե՞ս եմ միայն քոնը, դու ի՞նձ ես պատկանում հոգով ու սրտով։

— Քեզ և միմիայն քեզ եմ պատկանում։

— Եվ հավիտյան ի՞մը պետք է լինես։

— Հավիտյան քոնը և այն փոքրիկինը։

— Փոքրիկը... Ա՛խ, ես ի՛նչ հիմար եմ, ճշմարիտ է, դու նրան չես թողնիլ, դու նրա մորը չես զոհիլ մի ուրիշին։ Համբուրի՛ր ինձ, համբուրի՛ր...

Այս տեսարանը կրկնվում էր գրեթե երկու-երեք օրը մի անգամ պես-պես փոփոխություններով։

Վերջապես Բարաթյանը սկսեց ձանձրանալ կնոջ