Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասկածներից, նախանձից և կապրիզներից։ Մի օր, երեսը արտասվող Գայանեից դարձնելով, արտասանեց։

«Օ՛հ, ի՛նչ տաղտկալի է կնոջ չափազանց սերը...»։


IV


Նույն միջոցներին Պյոտր Սոլոմոնիչը զարմացած էր մի բանի վրա. արդեն Գայանեն բավական ժամանակ էր չէր այցելում յուր քիռիին, այնինչ նրա ամուսինը ճիշտ շաբաթը երկու անգամ ներկայանում էր պատկառելի քաղաքացիին։ Նա պատճառը հարցնում էր կնոջից և մի դրական պատասխան չէր ստանում։

— Աստված գիտե ինչու չէ գալիս, երևի մադամ է դարձել, փքվել է, — ասում էր տիկին Բախտամյանը։

Պյոտր Սոլոմոնիչը հարցնում էր Բարաթյանից։ Սա նույն անորոշ պատասխաններն էր տալիս. «ժամանակ չունե, տկար է, «անհարմար» է համարում տնից դուրս գալ»։ Հարկավ, այդ բոլորը Պյոտր Սոլոմոնիչին չէին գոհացնում։ Նա գուշակում էր, թե կա, անշուշտ, մի ուրիշ, ավելի հիմնավոր, պատճառ։ Նա տեսնում էր, որ յուր կինն էլ մի առանձին ցանկություն չէ հայտնում Գայանեին տեսնելու, թեև արտաքուստ տրտնջում է նրա չգալու դեմ։

— Ինձ այնպես է թվում, որ ձեր միջով սև կատու է անցել, — ասաց, վերջապես, մի անգամ ծերունին։

Տիկինը քմծիծաղ տվեց։ Ինչո՞ւ պիտի սև կատու անցներ, ի՞նչ հաշիվ ունի նա Գայանեի հետ այսուհետև։

— Ես պարտքս կատարեցի, վերջացրի, խոմ չեմ կարող էլի նրա համար մայրություն անել։

«Մայրություն» բառը տիկինը այնպես գրգռված, այնպիսի զզվանքով արտասանեց, որ, կարծես, խոսքը աղախին լինելու մասին լիներ։

Հարցը մնում էր հարց, և Պյոտր Սոլոմոնիչը, ուսերը վեր քաշելով, չէր կարողանում հասկանալ կնոջ սառնության պատճառը։ Մի օր նա իրիկնադեմին կլուբից վերադարձավ սովորականից շատ վաղ։ Նա չափազանց վրդովված էր և ինքն իրան խոսում էր։ Նրա երեսին գույն չկար, իսկ աչքերի