Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղեցիկ էր, որքա՛ն խելոք և հրապուրիչ։ Բայց և ո՛րքան Պյոտր Սոլոմոնիչը ինքն յուր աչքում ծեր էր, զառամյալ և անարժան այդ գրավիչ արարածին։

— Կա՛ց, — ասաց նա, տեսնելով, որ կինը, խոսքը ավարտելուց հետո, ուզում էր դուրս գնալ։

Ի՞նչ, կանգնի, որ նա հայհոյի՞, գոռա՞, «կինտոյի պես» ձե՞ռք բարձրացնի նրա վրա։ Ոչ, ոչ, տիկինը վճռել է և պետք է գնա։

Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ նրան մի քանի քայլ, կանգնեց նրա առաջ, նայեց աչքերին։ Օ՜օ, եթե Աննայի ասածների կեսը, կեսի կեսը ճշմարիտ է, այն ժամանակ անիծվեն չար լեզուները, որ բամբասում են։ Մի՞թե Պյոտր Սոլոմոնիչը կարո՞ղ էր հավատալ, եթե ուրիշներից լսած չլիներ։ Սովորական ժամին նա մտավ կլուբ։ Նա կամենում էր մի քիչ թղթախաղ խաղալ։ Նա պարտնյորներ էր փնտրում, հանկարծ նրա ականջին հասավ յուր անունը։ Նա կանգ առավ դռների մոտ։ Կանաչ սեղաններից մեկի շուրջը նստած էին չորս չարամիտներ և խոսում էին։ Խոսում էին նրա մասին այն ամենը, ինչ որ կարելի է խոսել մի պատվավոր մարդու անունը աղբի մեջ թաղելու համար։ Նա ականջները փակեց և հեռացավ։ Չար կասկածը նրա արյունը տակնուվրա արեց։ Նա ամոթից չկարողացավ կլուբում երկար մնալ և շտապեց տուն, խելքը կորցրած, աչքերը արյուն կոխած։

— Ես ձեզ չեմ մեղադրում, — արտասանեց տիկինը, նրա բացատրությունը լսելուց հետո, — դուք միամիտ մարդ եք, ձեզ ամեն մի երեխա կարող է խաբել։ Ա՜խ, տեր աստված, տեր աստված, ես խաբեբա՞, ես անամո՞թ, ես անպատկա՞ռ, ես դավաճա՞ն...

Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Պյոտր Սոլոմոնիչը շտապեց ներողություն խնդրել։ Նա ծեր է, միամիտ է, նրան խելքից հանեցին, բայց նա այժմ չէ հավատում, և չի հավատալ, եթե ամբողջ աշխարհն էլ խոսի։

— Հեռո՛ւ ինձանից,— գոչեց տիկինը, ձեռով հրելով նրան,— ես ձեր վիրավորանքի պատճառով չեմ լաց լինում, արդար մարդը ոչ մի զրպարտությունից չի վիրավորվում, ես իմ բախտն եմ ողբում...