Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ թե մի ստոր սողոսկողի, այլ մի զորեղ հակառակորդի, որի հետ կռվելը շատ էլ դյուրին բան չէ։

Արյունը խփեց գլխին։ Մի չարագուշակ ժպիտ աղավաղեց նրա բերանը։ Առանց երկար մտածելու, նա աղեղը լարեց դեպի այն կողմ, ուսկից գիտեր, որ գալիս են վարագուրված հարվածները։

Աա՛, բավական չէ Բարաթյանի գործով արածը, գրչո՞վ էլ է ուզում նրա հետ մրցել։ Դա առանց նպատակի չէ։ Անշուշտ նա հոգաբարձու ընտրվելու միտումներ ունե։

Այսպես էր մտածում Դիմաքսյանը, և նա չսխալվեց։ Բարաթյանը ընտրվեց եկեղեցական պատգամավոր։ Մի քայլ արված էր, մնում էր մյուսը, և նա արդեն Դիմաքսյանի իշխանավորն էր — հոգաբարձու։

— Կարծեմ, մենք կհաղթվենք,— ասաց մի օր Դիմաքսյանին նրա կողմնակից հոգաբարձուներից մեկը,— Ամբակում Աֆանասևիչը շատ է աշխատում։ Երեկ լայնաթևը նրա մոտ ճաշի է եղել. նրանք գործում են ձեռք֊ձեռքի տված։

Այն ժամանակ երկու հակառակորդ բանակները պաշարեցին ընտրողներին։ Շատերի գույնը արդեն որոշ էր, քաշել նրանց մի բանակից մյուսը — դժվար էր։ Հարկավոր էր գրավել չեզոքներին, և ահա սրանց վրա հարձակվեցին երկու կողմից գիշակեր ագռավների պես։ Գործ էին դրվում քաղցր ժպիտներ, սիրալիր բարևներ, սպառնալիքիներ, խոստումներ։

— Նուկուջան Փարսադանովիչին իմ խորին հարգանքն եմ վկայում։ Հը՛մ, ամսիս քսանվեցին ընտրու՞մ ենք։

— Ընտրում ենք, ոնց չէ, ընտրում ենք։

— Նուկուջան Փարսադանովիչ, չմոռանաք, որ մենք հին քաղքցիներ ենք, դուք մերն եք։

— Վա՛հ, հեստի չորնի զակատիտ անիմ վուր է...

Կռիվը քանի գնում սաստակնում էր և խեղճ Նուկուջաններին այնքան քշեցին այս բանակից այն բանակ, որ ընտրության օրը նրանք ներկայացան միանգամայն ջարդուփշուր եղած խելքով։ Պատարագի ժամանակ մի քարոզ