Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրողներին բացատրեց նրանց պարտքը եկեղեցու և ազգի առաջ, «քանզի պետք է խղճի մտոք և անաչառությամբ» տային իրանց քվեները:

Նույնը կրկնվեց և՛ ընտրությունների դահլիճում։

Ամբակում Աֆանասևիչի բանակը հաղթեց։ Դիմաքսյանի կողմնակից հոգաբարձուներից չորսը սևացան։ Փոխարենը ընտրվեցին Ամբակումը, Բարաթյանը, Վեքիլյանը, և մի ուրիշը սրանց բարեկամներից։

Բարաթյանը անմիջապես շտապեց տուն և ուրախ-ուրախ համբուրեց յուր մի ամսական ժառանգին։

Գայանեն նոր էր վեր կացել անկողնից։ Նա գունատ էր, նիհար, անզոր։ Այլևս անցել էին կապրիզները։ Այժմ նա խաղաղ էր, հանգիստ, գոնե արտաքուստ այդպես էր երևում։

Ամբողջ օրը նա չէր հեռանում նորածնի օրորանից։ Համբուրում էր նրան քնքուշաբար, խոսում էր նրա հետ, հարցեր էր տալիս և ինքը նրա փոխարեն պատասխանում։ Նրա աշխարհը այժմ ամփոփված էր այդ փոքրիկ արարածի մեջ, և ուրիշ ոչ մի բան նրան չէր հետաքրքրում։ Նա մոռացել էր նույնիսկ յուր մշտական կասկածները, արյուն ու մարմին դարձած կասկածները ամուսնու վերաբերմամբ։

Տիկին Բախտամյանը երբեմն այցելում էր նրան։ Երեխայի մկրտության օրը նա հետը բերել էր անթիվ ընծաներ։ Առհասարակ նորածինը երկու տիկինnերի մեջ ձգել էր մի նոր բարեկամություն։ Միայն տիկին Բախտամյանի և Բարաթյանի մեջ երևում էր մի անհասկանալի փոխադարձ սառնություն։ Գոնե այդպես էին նկատում մի կողմից Գայանեն, մյուս կողմից — Պյոտր Սորոմոնիչը։

Ծերունին յուր կնոջ հետ այլևս նախանձի տեսարաններ չէր սարքում։ Արդեն բավական պատժվել էր այն օրվա յուր շտապ մեղադրանքի փոխարեն։ Նա զգում էր, որ շատ կոշտ վարվեց կնոջ հետ և մտքում հայհոյում էր չար բամբասասերներին։ Սակայն, միևնույն ժամանակ, կասկածը արմատախիլ չէր եղել նրա մեջ։ Այժմ նա տանջվում էր լուռ, առանց արտահայտելու յուր սրտի մեջ բուն դրածը։

Հաճախ նա մենակ, առանձնացած յոււր սենյակում, մտածում էր ամուսնական կյանքի դառնությունների մասին: