Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոլոմոնիչը,— քո անունով ընկերությանը հազար ռուբլի բաշխել, որ դու պատվավոր անդամուհի լինես։

Սնափառ տիկնոջ համար, արդարև, դա մի վերին աստիճանի ախորժելի սյուրպրիզ էր։ Մինչև այդ ժամանակ կանանց ընկերությունը ոչ մի պատվավոր անդամուհի չուներ, ուեմն նա առաջինը կարող էր լինել։ Բայց նա թաքցրեց յուր ուրախությունը, ոչինչ չասաց և միայն հառաչեց։

Տարեդարձի օրը Պյոտր Սոլոմոնիչը փողերը համրեց կնոջ առջև։ Վերջապես, Աննան թույլ տվեց նրան, որ համբուրի իրան և այդպիսով հաշտվեց ամուսնու հետ։


VII


Բարաթյանի և Վեքիլյանի հոգաբարձու ընտրվելը, հարկավ, ազդեցություն գործեց Դիմաքսյանի վրա։ Նա զգաց, որ այժմ նրանց հետ պետք է ընդհարումներ ունենա երես առ երես։

Կռվից նա չէր վախենում, չէր մտածում և՛ յուր պաշտոնի մասին։ Նրան անհանգստացնում էր աշակերտների դրությունը և առհասարակ դպրոցի վիճակը, այն դպրոցի, որ արդեն կրում էր յուր վրա նրա գաղափարների դրոշմը։ Այսուհետև, ուրեմն, նրա հարուցած ամեն մի խնդիր պետք է հանդիպի Բարաթյանի ու Վեքիլյանի կամքին և հետո իրագործվի կամ ոչ։ Արդեն նա անհարթելի էր համարում յուր և նրանց մեջ բացված վիհը։ Պետք է այսպես թե այնպես կռվել։ Պետք է մեկը մյուսին գլորի — այդ անկասկած է։ Միևնույն շրջանում, միևնույն ժամանակ երկու հակադիր ձգտումներ չեն կարող հավասար համակրություն վայելել և իրանց գոյությունը շարունակել։

Առաջ այդ մարդիկ հաշտ էին, գաղափարակից էին, ընկեր էին նրա հետ։ Նրանք ուխտել էին միասին գործել, այժմ բաժանված են։ Կյանքը, տվեց մեկին մի ուղղություն, մյուսներին այլ ուղղություն։ Գուցե մտքերի այս հակադրությունը առաջ էլ կար, միայն չէր արտահայտվում։ Այժմ ասպարեզ կա, նա երևան է գալիս։ Բարաթյանը և Վեքիլյանլը աշխատում են խոչընդոտ լինել նրա գործունեությանը, ծաղրում են, հալածում, կնշանակե նրանք թշնամիներ են։