Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա մեղադրում էր ինքն իրան։ Տասը տարի էր նա միշտ նախանձում էր, միշտ կասկածում, միշտ լարված դրության մեջ էր։ «Միթե այդ կյա՞նք է։ Ոչ, ոչ, տանջանք ու աստծու պատիժ է», կրկնում էր նա։

Մյուս կողմից նա սիրում էր Աննային, ինչպես մի կենդանի, վառվռուն պատանի, և ցավում ու մորմոքվում էր, որ վաղուց կորցրել էր յուր երիտասարդությունը։ Իրավ, մի՞թե նա ինքը չգիտեր, որ Աննայի ընկերը չէ, որ ամոթ է մինչև անգամ մի թառամած ծերունու մի այդպիսի թարմ կին ունենալ։ Բայց, է՛հ, ի՞նչ արած, թող նախանձը միշտ տանջե նրան, միշտ չարչարե, միայն թե Աննային նրա ձեռքից չխլեն և միայն թե Աննան խնայի նրա ընտանեկան պատիվը։

Իսկ Աննան նրա հետ վարվում էր սառն, խոսում էր միշտ «դուք»-ով, այն էլ խոսում էր այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը ստիպում էր։ Նա գիտեր, որ յուր պաղությունով տանջում է ծերունուն և հենց դիտմամբ շարունակում էր, անուշադիր թողնելով նրա փաղաքշանքները, աղերսանքները և պես-պես խոստումները։

«Թողե՛ք ինձ, թողե՛ք իմ հիմարության պատիժը քաշեմ» կրկնում էր նա միշտ։

Իսկ հիմարություն նա համարում է ծերունու հետ ամուսնանալը, մի ծերունու, որ թունավորում էր նրա կյանքը «անտեղի կասկածներով, անտեղի զրպարտություններով»։

Մի օր Պյոտր Սոլոմոնիչը վճռեց յուր կնոջը մի սյուրպրիզ անել, որպեսզի, վերջապես, ձեռք բերի նրա հաշտությունը։

— Ա՛նիչկա, ե՞րբ է ձեր ընկերության տարեդարձը,— հարցրեց նա։

— Ես ի՞նչ գիտեմ երբ է, ես ձեռք եմ քաշել ընկերություններից էլ, մարդկանցից էլ, ես դժբախտ կին եմ։

— Դե լավ, բավական է, ես քեզ մի լավ բան պետք է ասեմ։

Տիկինը կամեցավ սառն լինել, բայց միևնույն ժամանակ, չկարողացավ զսպել կանացի հետաքրքրությունը։ Նա աչքի տակով ծուռ-ծուռ նայեց ամուսնուն:

— Ուզում եմ քո անունով,— արտասանեց Պյոտր