Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մերս առաքելական եկեղեցի հարսնացյալն ի տերն մեր հիսուս քրիստոս և նորին աստվածընտրյալ պետն, հաղագս կենաց որին աղոթեմ ի տվնջյան և ի գիշերի։ Այսպես։ Սակայն իմ հոգևոր տկար աչոքս այս վերջին տարիներ այլ և այլ խուսափումներ նկատում եմ ի մեծս և փոքունս, իսկ առավելագույն չափով ի մերում դպրանոցի։ Հուսամ առ ամենաբարձրյալն, որ այսուհետև այդ զանցառությունները վերացվին, քանզի մեր հոգաբարձություն այսօր, հուրախություն սրտի իմո, կազմեն ձեզի պես գերաշնորհ, պայծառամիտ, խոհունակ, հանճարազարդ և պարկեշտասուն անձինք։ Այսպես։ Պայտն քարտուղարեն կխնդրեի արձանագրել այս իմ համեստագույն խոսք—ատենագրություն։

— Ձեր ասածը միանգամայն արդարացի է։ Մեր աշակերտների մեջ պետք է զարգացնել բարոյականություն, մանավանդ կրոնասիրության։ Արևմտյան Եվրոպայում կրոնի դասավանդությունը շատ հարգելի տեղ է բռնում դպրոցներում։ Ուրեմն ա՛յն, ինչ որ ընդունված է լուսավորված ազգերի մեջ, կարծում եմ, չպիտի արհամարհվի մեզ նման մի փոքրիկ ազգի կողմից։

— Պարոն քարտուղարեն կխնդրեի շնորհազարդ պարոն Բարաթյանի խոսքերը արձանագրել։

— Այդ ճշմարիտ է, մանավանդ որ մեր դպրոցը հոգևոր է։

— Պարոն քարտուղար, բարեծնունդ Ամբակում աղա Սարզափյանի խոսքեր մեկիկ-մեկիկ թարգմանեցեք ու շարադրեցեք։

— Բացի դրանից, մենք նախ և առաջ կրոնական ազգ ենք և եկեղեցուց ավելի ոչինչ չունենք։

— Պարոն քարտուղար, ուշի ուշով դիտեցեք ողջախոհ պարոն Վեքիլյանի ասածներ: Ի՛ա, հեր օրհնած, ի՞նչ ես Բեթանիացի բորոտի պես քինթդ քորում։ Այսպես, գերազնիվ պարոնայք, խնդիրը եզրափակենք։ Ըստ իս՝ վաղը մեր մեծապատիվ պարոն տեսչին հայտնելու է այս մեր որոշում։ Շնորհազարդ պարոն Բարաթյան, կարծյոք, այս պարտքերը ձեր վրա դնելու է, քանզի, եթե չեմ սխալվում, դուք եք հերթակալը։ Պարոն քարտուղար, արձանագրեցեք մեր որոշում