Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպես. «Առաջարկյալ եղիցի վերատեսչին պարոն Արսեն Մարգարյան Դիմաքսյանի՝ հարգել զկրոն ըստ չափու պահանջման հոգաբարձությանս և զսանս դպրանոցի հանապազօրյա առաջնորդել եկեղեցի անձամբ»։

Հին հոգաբարձուներից մեկը, որ նորից ընտրվել էր, նկատեց, թե տեսչի համար վիրավորական է այս տեսակ որոշում՝ «հարգել զկրոն», բանի որ նա առանց այդ էլ հարգում է կրոնը։

Նախագահը խնդիրը քվեարկեց, և ձայների ճնշող մեծամասնությամբ նրա որոշումը ընդունվեց։

Հետևյալ օրը Բարաթյանը Դիմաքսյանի մոտ կարդաց արձանագրությունը։ Մի արհամարհական ժպիտ փոփոխեց տեսչի դեմքը, հետո նրա կրծքից թռավ մի կծու ծիծաղ։

— Ինչո՞ւ ես ծիծաղում։

— Նրա համար, որ քիչ է մնում ինձ հերետիկոսության մեջ մեղադրեք։ Լսված բա՞ն է այդ տեսակ որոշում մտցնել մի պաշտոնական արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են տասնումեկ հասարակական ներկայացուցիչներ։ «Հարգել զկրոն»։ Ասա խնդրեմ, ե՞րբ եմ ես արհամարհել կրոնը։

— Ոչ ոք չի ասում, թե արհամարհել ես, միայն այսպես գրված է։ Դու գիտես, որ դպրոցը հոգևոր է։

— Հետո՞։

— Ուրեմն զարմանալի բան չկա այս որոշման մեջ։

— Զարմանալին այն է, որ այդ կրոնապաշտական դատավճռի տակ ստորագրել եք դու և Վեքիլյանը։ Դա բավական չէ, հարցը մինչև անգամ դո՛ւ ես զարթեցրել։

— Ես զարթեցրել եմ մի շատ ժամանակակից հարց։

— Ա՜խ Բարաթյան, ինքդ էլ շատ լավ գիտես, որ կեղծում ես, որ այդ սուտ է, չես հավատում, ծիծաղում ես մտքումդ։

— Մի՞թե դու համաձայն չես, որ պետք է աշակերտների մեջ կրոնական զգացմունք զարթեցնել։

— Զգացմունք և ոչ փարիսեցիություն։