Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դիմաքսյանի դեմքը, և եթե տեսներ, պետք է այնտեղ կարդար յուր խոսքերի խոր ազդեցությունը։

— Իհարկե, դու ինձ կարող ես ֆրազյոր համարել։ Բայց այդ ինձ համար միևնույնն է, միայն թող իմ կարծիքը քեզ չվիրավորի։ Դու շատ լավ գիտես, որ մի ուրիշի հետ այսպես պարզ չէի խոսիլ: Բայց քեզ սիրում եմ և հարգում։

— Շնորհակալ եմ,— մրմնջաց Դիմաքսյանը խուլ ձայնով, — շնորհակալ եմ։

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, հառաչելով ավելացրեց.

— Այո՛, ես անեփ եմ, ես շատ թերություններ ունեմ։



IX


Գայանեի թախիծը քանի գնում, այնքան սաստկանում էր։ Դեռ առաջին մի քանի ամիսները նորածինը գրավել էր նրա միտքը։ Չար կասկածը տեղի էր տվել մայրական անդրանիկ սիրո զգացմանը։ Բայց անցան այդ ամիսները, և նա դարձյալ ենթարկվեց մի անգամ արդեն յուր սրտի մեջ արմատ ձգած տանջանքին։

Շատ անգամ ամուսինների մեջ տեղի էին ունենում ընտանեկան անախորժ տեսարաններ։ Մարդը, հարկավ, աշխատում էր փարատել կնոջ կասկածը, բայց իզուր։ Եթե ամենքը հավատացնեին, դարձյալ Գայանեն չէր համոզվիլ, թե միմիայն ինքն է սիրելի յուր ամուսնու համար և թե Իսակը ուրիշ ոչ ոքի վրա աչք չունե։ Գալով փաղաքշանքներին, այստեղ էլ Գայանեն զգում էր մի կեղծիք, մի նուրբ փարիսեցիություն։— Մի բան, որ տեսնում էր յուր ամուսնու հասարակական կյանքի մեջ էլ: Ո՞ւր է այն հոգեկան զորությունը, որ սպասում էր նա, թե մի օր պետք է երևան գա։ Ո՞ւր են այն բարոյական անխախտ սկզբունքները, որ տղամարդին աստվածացնում են կինարմատի աչքում, իսկ կնոջ սիրտը լցնում հպարտ պարծանքով յուր մարդու վերաբերմամբ։ Ինչո՞ւ նրա և Դիմաքսյանի մեջ ծագեցին այդ երկպառակությունները։ Չէ՞ որ նրանք գաղափարակից ընկերներ էին, կնշանակե երկուսից մեկը փոխեց յուր հայացքները։