Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Ո՞րը փոխեց»,— հարցնում էր ինքն իրան Գայանեն, և մի ներքին ձայն նրան պատասխանում էր, թե ոչ Դիմաքսյանը։

Եվ որքան Բարաթյանը արհամարհանք ցույց տար դեպի այդ մարդը, սակայն նուրբ բնազդումով Գայանեն զգում էր, թե Դիմաքսյանն է գաղափարի մարդ, նա՛ է որոշ և անխախտ համոզմունքների տեր։ Նրան թվում էր, որ հաճախ յուր ամուսինը այդ մարդու դեմ խոսում է նախանձից դրդված։

Մի անգամ Գայանեն, չկարողանալով իրան զսպել, մի այդպիսի ակնարկություն արեց։

Բարաթյանը բարձրաձայն ծիծաղեց և երեսը հետ դարձրեց։ Բայց արդեն նկատելի էր, որ նրա ծիծաղը և արհամարհանքը դեպի Դիմաքսյանը արվեստական են դառնում և կնոջ պաշտպանությունը վրդովվեցնում է նրան։ Իսկ Գայանեն նայեց հետևից նրա առողջ պարանոցին և մի տեսակ ատելություն զգաց։— Մի տարօրինակ, անբացատրելի ատելություն, որ առաջին անգամն էր զգում։

Մի ուրիշ անգամ Գայանեն բացարձակ հայտնեց յուր ամուսնուն բոլոր այն հույսերը, որ դրել էր նրա վրա։ Նա ուրիշ բան էր սպասում Բարաթյանից։ Նա կարծում էր, թե ահա գտել է, վերջապես այն մարդուն, որ կարող է իրագործել նրա իդեալը տղամարդի մասին։

— Ես շատ բան էի պահանջում տղամարդից, ով գիտե, գուցե անիրագործելի բաներ։ Բայց չէ՞ որ դու էլ այն ժամանակ գոնե բերանացի համաձայնվում էիր իմ պահանջների հետ։ Կարելի է ես երեխա էի, անփորձ, միամիտ, աշխարհի վրա վարդագույն աչքերով էի նայում։ Բայց այժմ ես չափավորել եմ իմ պահանջները և տեսնում եմ, որ էլի խաբված եմ, որ ամենաչնչին հույսս անգամ չի իրագործվում։ Իսակ, այժմ ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ոչինչ, բացի մի բանից, այն է, որ դու այս չար կասկածը հանես իմ սրտից...

Նրա աչքերի մեջ փայլեց ներքին հոգեկան դառնություն։ Նա մի եռանդուն ճիգ արեց և զսպեց յուր արտասուքը։

Բարաթյանը մի վայրկյան նայեց նրա երեսին և մի ինչ-որ միտք անմիջապես թելադրեց նրան փոխվել։ Նրա