Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ լավ։

— Սրտիդ փափագը առի՞ր «նրանից»։

— Իսկ դուք նույնպես ձեր սրտի փափագը առի՞ք «նրանից»։

— «Մենք» «ձեր» ազգականուհու հետ էինք։

— Ես էլ ձեր ընկերոջ հետ էի։

— Նախկին ընկերոջ, այս մեկը երբե՛ք մի մոռանար։

— Բավակա՛ն է,— գոչեց Գայանեն վրդովված,— երեկ, վերջապես, պարզվեց ձեր բարոյական պատկերը։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ... այն որ... ես դժբախտ եմ։

Եվ բուռն արցունքը, անզսպելի ուժով դուրս բխելով, ողողեց նրա այտերը։

— Ինչո՞ւ ես լալիս,— ասաց մարդը սառն կերպով,— դու ինձ էիր փորձում, ես էլ քեզ փորձեցի։

— Ե՞ս, փորձո՞ւմ էի ձեզ,— արտասանեց Գայանեն խեղդված ձայնով,— ո՛չ, ես այդ տեսակ խաղեր չգիտեմ, դա ստորություն է։

Նա վեր կացավ տեղից և դուրս գնաց։

Մարդը հետևեց կնոջը և տեսավ, որ նա, երեսը բարձի մեջ թաղած, ուժգին հեկեկում է...



X


Սկզբում Գայանեի անսպասելի բարեկամական վարմունքը Դիմաքսյանին պատճառեց անսովոր բերկրություն։ Տուն վերադառնալով, նա անընդհատ շվացնում էր և քթի տակ երգում. մի բան, որ երբեք չէր արել և որ հետևյալ օրը կրկնելով, շատ ուրախացրեց և շատ զարմացրեց Սիրականին։ Գայանեն նրան չի ատում, չի արհամարհում։ Նա մինչև անգամ հանդիմանում է նրան, թե ինչո՛ւ այնպես երես է դարձրել նրանից։

Բայց անցավ առաջին տպավորությունը, և Դիմաքսյանի լուրջ միտքը շուտով մոռացավ տարօրինակ բերկրությունը։ Դարձյալ մտատանջությունը տիրեց նրան, և այս անգամ ավելի ծանր մտատանջություն։