Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածել, թե մի ժամանակ այդ մարդը սիրել էր նրան և գուցե տանջվել։ Այդ միտքը նրան չէր շփոթեցնում։ Չէ՞ որ ամեն ինչ անցել է, այլևս չկա այդ սերը, ուրեմն նրանք կարող են լինել բարեկամներ։ Իրավ, Գայանեի համար ցանկալի է բարեկամ ունենալ Դիմաքսյանին, այդ խելացի, ազնիվ, զարգացած, գաղափարական մարդուն։

Նայում էր դեպի սենյակի հեռավոր անկյունը։ Հանկարծ նա գունատվեց։ Նա արագությամբ վեր թռավ տեղից, ասելով.

— Կարծեմ, ժամանակն է տուն գնալու։

Նրանք մտան պարերի դահլիճը։ Դիմաքսյանի ոտները դողում էին ներքին հուզմունքից։ Նա ուրախ էր, երջանիկ էր։ Նա ամբողջ ժամ ու կես խոսել էր այն էակի հետ, որից նա իրան ատված և ծաղրված էր համարում։

Գայանեի հետևից նույն սենյակից դուրս եկավ նրա ամուսինը տիկին Բախտամյանի հետ։ Նա տիկնոջ թևը բաց թողեց ճիշտ այն վայրկյանին միայն, երբ Գայանեն Դիմաքսյանին «ցտեսություն» ասաց։

Առանց միմյանց մի խոսք ասելու, մի ակնարկով մարդ ու կին հասկացան իրարու սրտինը։ Նրանք դուրս եկան ժողովարանից թև թևի տված — այսպես կամեցավ Բարաթյանը։

Կառքը նրանց սլացնում էր Թիֆլիսի փողոցներով, երկուսն էլ լուռ էին։ Գայանեն անընդհատ հառաչում էր, իսկ Իսակը անընդհատ շվացնում էր և ցածր երգում։

Երբ տուն հասան, Գայանեն խելագարի պես վազեց երեխայի սենյակը, հարձակվեց նրա վրա և սկսեց արագ-արագ ու ամուր համբուրել։ Երեխան զարթնեց և լաց եղավ: Դայակը առավ նրան յուր գիրկը։

Սեղանատան ընթրիքը պատրաստ էր։ Գայանեն հրաժարվեց ուտելուց, մնաց երեխայի սենյակում և այնտեղ էլ գիշերեց։ Իսկ ամուսինը ընթրեց հանգիստ ու զվարթ, ինչպես միշտ, ծառայի հետ կատակներ անելով։

Մյուս առավոտ թեյ խմելիս նա ժպտալով դարձավ Գայանեին.

— Հըմ, ինչպե՞ս ես երեկվանից դես։