— Մենք միայն ձեզ ենք հարգում...
Մեկը, մի շիկահեր պատանի, մինչև անգամ բռունցքը սեղմելով, մի քանի քայլ առաջ դրեց այնպես, որ, կարծես, նույն վայրկյանին պատրաստ էր հարձակվել նույնիսկ Դիմաքսյանի վրա։
— Այն էլ ասա, այն էլ ասա,— շշնջացին մի քանիսը Մարաքյանի հետևից։
Առաջնորդ-պատգամավորը դարձյալ նայեց գդակին, շապիկի փեշերը ուղղեց և արտասանեց.
— Պարոն տեսուչ, մի բան էլ կա։
— Ի՞նչ է։
— Ձեզ վրա էլ լրտես է նշանակված։
— Ի՞նձ վրա, ո՞վ է նշանակել։
— Չենք իմանում, միայն դուք ինչ որ աշակերտների մոտ խոսում եք, պատմում են պարոն Ինյաթյանին։
Դիմաքսյանը չկարողացավ յուր զայրույթը թաքցնել, բայց, միևնույն ժամանակ, չհարցրեց, թե ով է յուր վրա լրտես նշանակված։ Առհասարակ նա չթողեց այդ մասին երկար խոսել։
— Այժմ ինձանից ի՞նչ եք պահանջում,— հարցրեց նա։
— Խնդրում ենք, որ դուք մեզ պաշտպանեք։ Մենք եթե մինչև օրս անկարգություն չենք արել, ձեզ հարգելուց չենք արել։ Մենք գիտենք, որ դուք մեզ սիրում եք, թույլ տվեք, պարոն տեսուչ, մենք նրանց կխրատենք։
— Այո՛, կխրատենք։
— Ջարդ ու...
— Սո՛ւս, լռեցե՛ք։ Ի՞նչ ասացի ձեզ. երբեք թույլ չեմ տալ ձեզ այդ տեսակ վայրենություն։ Եթե ինձ մոտ խորհրդի եք եկել, շատ շնորհակալ եմ։ Այո՛, ես ձեզ սիրում եմ, ուրեմն դուք էլ լսեցեք իմ խորհուրդը և կատարեցեք։ Ահա ինչ. գնացեք, հանգիստ շարունակեցեք ձեր դասերը, քննությունները վերջացրեք։ Արձակուրդներից հետո, ես հուսով եմ, ձեր դրությունը կփոխվի։
Նա կամենում էր առժամանակ խաղաղացնել բորբոքված սրտերը, բայց այդ շատ էլ դյուրին բան չէր։ Պատանի պատգամավորները այնչափ գրգռված էին, որ տեսչի հանդարտ