Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորդորները նրանց ավելի վրդովեցնում էին։ Վերջապես Դիմաքսյանը խոստացավ անպատճառ և շուտով միջամտել հոգաբարձության առաջ նրանց մասին, և պատանիները հրաժեշտ տվեցին, կրկնելով։

«Ձեր խաթրու կհամբերենք»։



XI


Մի քանի օր անցած դպրոցում լուր տարածվեց, թե տեսուչը աշակերտներին հորդորում է ապստամբվել։ Պատմում էին, թե այս նպատակով նա յուր մոտ է կանչել մի խումբ չարամիտ առաջավորներ և ապստամբության հրահանգը տվել։

Ինյաթյանը պնդում էր, թե առաջին հարձակումը յուր վրա պետք է լինի, «վասն զի» Դիմաքսյանի գլխավոր հակառակորդն ինքն է։ Նա ամեն ճիգ գործ է դրել այդ «խելացնորի անմիտ, վնասակար գաղափարների» առաջն առնելու։ Նա կամեցել է դպրոցը «փրկել անկումից»։ Շատ հասկանալի է, որ Դիմաքսյանը չպիտի մարսեր նրան։ Բայց նա երկչոտ մարդ չէ, պատրաստ է «նահատակվել յուր համոզմունքների և նորագույն սերնդի փրկության» համար։

Վերակացու Ջալբամյանը բակի մի անկյունում գտել էր մի կույտ քարեր։ Նա երդվում էր, թե խառնակիչներն են վաղօրոք այդ քարերը պատրաստել ապստամբության համար։ Հինգերորդ դասատան լրտես Մարբազյանը երաշխավոր էր Ջալբամյանի ասածի ճշմարտությանը։ Յուր կողմից նա հավատացնում էր, թե մի քանիսի մոտ մինչև անգամ ատրճանակ է նկատել։ Իսկապես նա վեցերորդ դասատան աշակերտ Աֆրիկյանի գրպանում մի բան նկատել էր, բայց հաստատ չգիտեր ատրճանա՞կ էր, թե՞ վարունգ, որ Աֆրիկյանը շատ էր սիրում և միշտ գաղտնի ուտում էր։

Հոգաբարձությունը անմիջապես խառն նիստ հրավիրեց ուսուցիչների հետ։ Երեկո էր, ամենքը սպասում էին նախագահի գալստյանը։ Դիմաքսյանին ներկայացած վեց պատգամավորներին փակել էին առանձին-առանձին սենյակներում։ Նրանց պետք է հարցուփորձի ենթարկեին ջոկ-ջոկ, ուստի