Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրեց։ Դիմաքսյանը թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը և, հպարտությամբ նայելով ժողովին, շարունակեց.

— Այսպես, ուրեմն, իմ հակառակորդները իրանք իրանց պատասխանը ստացան։ Նրանք տեսան, որ ոչ մի մեքենայություն ինձ չի կարող արատավորել, միայն կարող է կորստի ենթարկել մի ամբողջ հիմնարկություն։ Բայց ի՜նչ փույթ նրանց դպրոցի վիճակը, նրանց միակ նպատակն է ինձ հաղթված և ստորացած տեսնել... ես չեմ կամենում ավելի խոսել։ Սակայն ներեցե՛ք, այսօրվա եղելությունը ես վարագույրի հետևում չեմ թողնիլ: Ասպարեզ կհանեմ այն յուր բոլոր մանրամասնություններով։ Կարծում եք, վրեժխնդիր լինելո՞ւ համար։ Ոչ։ Ես այդ կանեմ, որպեսզի մեր միամիտ հասարակությունը ճանաչի այն մարդկանց, որոնց յուր գործերի ղեկավար է ընտրում, որոնց ձայնին ականջ է դնում և որոնց մտքերին շատ անգամ ծափահարում է։ Գալով իմ պաշտոնին, ինձ շատ լավ հայտնի է իմ հակառակորդների նպատակը։ Նրանք փափագում են, որ ես կամավոր կերպով հեռանամ կռվի ասպարեզից, որպեսզի հետևիցս զվարճանան, ծիծաղեն։ Բայց հայտնում եմ այդ պարոններին. ես իմ ազատ կամքով երբեք չեմ հեռանալ իմ պաշտոնից, մինչև հոգաբարձությունը ինքը ինձ չասի, «հեռացիր, որովհետև դու վնասակար ես մեզ համար»։

Արտասանելով այս խոսքերը, նա մի անգամ էլ արհամարհանքով և զզվանքով նայեց յուր նախկին ընկերների երեսին։ Հետո ծանր, հպարտ և հանդարտ քայլերով, միայն սաստիկ գունատված, նա դուրս եկավ դահլիճից։

Նույն վայրկյանին գերմանական մանկավարժ Ինյաթյանի դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ։



XII


Չնայելով Դիմաքսյանի սպառնալիքին, հետևյալ օրը հոգաբարձությունը առանձին նիստում վճռեց նրան թողնել յուր պաշտոնում մինչև պայմանավորված ժամանակի լրանալը, այսինքն մի տարի։ Այսպիսով նա կամեցավ մեղմացնել տեսչի սիրտը, որ սա եղելությունը հրապարակ չհանի։