Բայց մի շաբաթ անցած դուրս եկավ Դիմաքսյանի մերկացնող գրությունը վեց աշակերտների դպրոցից արձակելու մասին։
Հոգաբարձությունը պատասխանեց նրան սառն պաշտոնական ձևով։ Երևում էր, նա աշխատում էր իրողությունը քողարկել։ Փաստեր չէր բերում, հակառակորդի ասածը հերքում էր խոսքերով։
Բայց ասպարեզ եկավ Վեքիլյանը և կռիվը այլ կերպարանք ստացավ։ Դիմաքսյանն այժմ բոլորովին ընտելացել էր անձնական հարվածներին։ Հակառակորդների հարձակումները նրան չէին վշտացնում, այլ գրգռում էին, նրա բորբոքված սրտի մեջ ավելացնելով կիզանուտ հեղուկը։ Ամեն կերպ աշխատում էին նրան ցույց տալ իբրև մի վնասակար, անաստված, կործանիչ մարդ, որից մեծ վտանգ է սպառնում հասարակությանը։
Խնդիրը միայն դպրոցի մասին չէր։ Մասնավորից սկսելով, Դիմաքսյանն այժմ հարվածում էր հասարակական ընդհանուր ախտերը։ Առանձին ախորժակով և կատաղությամբ նա մերկացնում էր կրթված դասի սխալ և վնասակար ուղղությունը, միշտ իբրև օրինակ աչքի առաջ ունենալով Բարաթյանին և Վեքիլյանին։ Այժմ նրա կռիվը հասարակության դեմ էր։
Այսպես անցան ամիսներ, անցան ամբողջ աշունն ու ձմեռը։ Վերջապես, հասավ գարունը և հարցաքննություններից հետո Դիմաքսյանն արձակվեց պաշտոնից։ Նրա տեղը նշանակվեց Ինյաթյանը։
Նույն միջոցին Դիմաքսյանր դարձյալ հեռագիր ստացավ, թե հայրը մահամերձ հիվանդ է։
Նա շտապվեց հայրենիք և այս անգամ ծերունուն մեռած գտավ։ Քույրերը հանգուցյալի թաղումը մի քանի օրով հետաձգել էին, սպասելով իրանց եղբոր գալստյանը։
Երեք օր տևեց սգավոր հանդեսը։ Առավոտ երեկո քաղաքացիները խումբ-խումբ գալիս էին՝ իրանց ցավակցությունն Արսենին հայտնելու։ Վերջապես, ընդհատվեցին ձանձրալի