Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակին ծառայելու համար կյանքում։ Նա հայտնեց յուր վճիռը Մարիամին։ Քույրը ոչինչ չասաց, հառաչեց, գլուխը շարժեց, և եղբայրը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի նշույլներ։ Նա ընկավ մտատանջության մեջ. թողնել անկատար յուր վճիռը — չէր կարող, այնքա՛ն նա ընտելացել էր այդ վճռին, անուշադիր մնալ Մարիամի աղերսանքին — ավելի դժվար էր։ Այն ժամանակ նրա գլխում միտք հղացավ քրոջն ևս տանել յուր հետ։ Արտասահմանում Մարիամը անգործ չի մնալ, կշարունակի յուր ուսումը, կսովորի որևէ մի մասնագիտություն, կդառնա ազատ, յուր ուժերով կյանքի դժվարությունների դեմ կռվելու պատրաստ անկախ կին։ Երբ նա այս միտքը հայտնեց Մարիամին, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց, մտածեց և հետո ասաց.

— Եթե անպատճառ ուզում ես գնալ, գնա միայնակ, իսկ ես... չեմ կարող...

Ոչինչ թախանձանք չկարողացավ ստիպել նրան բացատրելու պատճառը, թե ինչու չէ ուզում կատարել եղբոր առաջարկությունը։ Միշտ և ամեն ժամանակ նա խույս էր տալիս այդ մասին խոսելուց և միայն շարունակ խնդրում էր Ռուբենին մնալ Թիֆլիսում։

«Քույրս մի գաղտնի հոգս ունի, ինձ չի հայտնում,— մտածում էր Ռուբենը,— բայց ես կիմանամ, անպատճառ կիմանամ»։

Օրը բավական անցել էր արդեն, երբ նա տնից դուրս եկավ մի փոքր զբոսնելու։ Նա պատահեց յուր ընկերներից մի քանիսին և, մի երկու ժամ նրանց հետ անցկացնելով, մոռացավ ծանր մտքերը։

Երբ նա վերադարձավ տուն, Սադափյանները, սեղանատանը հավաքված, սպասում էին նրան ճաշի։ Նիկողայոսը հրավիրեց նստել յուր քով և շատ սիրով ու բարեկամաբար սկսեց խոսել նրա հետ։ Ինչպես զբաղված մարդ, որի միտքը միշտ դեպի յուր գործերն են ուղղված, Նիկողայոսը ընտանեկան խնդիրների մասին շատ քիչ էր խոսում տանը։ Նույնպես նա Ռուբենի հետ խոսում էր հատ ու կտոր, և որովհետև Ռուբենն ևս խոսելու տրամադրություն չուներ, շուտով երկուսն էլ լռեցին։