Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասում էր մերթ մեկը, մերթ մյուսը, և Մարիամը անդադար դառնում էր աջ ու ձախ, կերակրեըով յուր սիրելիներին։

Նատալիան շարունակ գանգատվում էր գլխացավից, քիչ էր ուտում, պախարակում էր յուրաքանչյուր կերակուր և իմերել սպասավորի միջոցով հանդիմանություն էր ուղարկում ոուս խոհարարին։ Վերջին կերակուրը բերելիս նա վեր կացավ տեղից և անցավ յուր սենյակը։ Դա նրա քմահաճություններից մեկն էր, որի համար հայրը հանդիմանում էր նրան և փոխարենը միշտ հանդիմանվում Սոփիոյից։

— Խեղճ իմ Նատո, տանջվում է այսօր, ինչո՞ւ հենց միայն նա է հիվանդանում այս տանը.— ասաց տիկին Սոփիոն և շտապեց յուր աղջկա հետևից:

Այսպես անցավ Սադափյանների ճաշը, Նատալիայի շնորհիվ, ամենի համար սառն, անախորժ։

Նույն օրը իրիկնադեմին Ռուբենը, դրսից տուն, վերադառնալով, Մարիամին հանդիպեց յուր սենյակում։ Օրիորդը տնային սպիտակ հագուստով նստած էր սեղանի մոտ, գլուխը ձեռների մեջ դրած, արմունկները հենած սեղանին։ Նրա առաջ դրած էր մի բաց գիրք։ Նա չէր կարդում, այլ աչքերը հառած լուսամուտի կողմ, նայում էր դեպի դուրս։

— Դարձյալ ի՞նշ երազների մեջ ես,— ասաց Ռուբենը կատակով։

Մարիամը մի քիչ շփոթվեց, երեսը հետ դարձրեց և ժպտաց։ Սակայն այս անգամ նրա ժպիտը այնքան արհեստական էր և բռնազբոսիկ, որ Ռուբենի տրամադրությունը հանկարծակի փոխվեց։ Նա քրոջ աչքերի մեջ կարդաց մի նոր դառնություն։

— Մարիամ,— զոչեց նա, բռնելով քրոջ ձեռը,— դու վրդովված ես երևում, ի՞նչ է պատահել։

Մարիամը ձեռը մեղմիկ խլեց եղբորից և յուր տխուր ու անորոշ հայացքը կրկին բաց լուսամատի կողմ դարձնելով,