էր։ Նա նկատում էր հասարակության մեջ մի նոր երևույթ, այն է՝ կռիվ երկու սերունդների մեջ — հնի և նորի։ Դա հայրերի և զավակների կռիվ էր։ Մի կռիվ, որ հայ կյանքի մեջ առաջին անգամն էր երևան գալիս այնպիսի որոշ կերպով։
Եվ երբեմն յուր առանձնության մեջ նա մտածում էր, արդյոք ի՞նչ հետևանք կունենա այդ բոլորը։ Նրա առջև պատկերանում էր կյանքի մի բարոյական քաոս, ուր առաջին հայացքով անհնարին էր մի բան որոշել։ Որդին դիմադրում է հորը, աշակերտն ապստամբվում է ուսուցչի դեմ, ամեն տեղ թարմը, նորաբույսը և կենդանին բողոքում են և դիմադրում են հնին ու թմրածին։
Արդյոք այդպիսի ճյուղերը չե՞ն բաժանվիլ արմատից, և դարավոր բունը հանկարծ չի՞ չորանալ։
Այս միտքը վայրկենաբար սարսափեցնում էր նրան։ Նա սկսում էր վախենալ ծագած պատերազմից։
Բայց անցողիկ երկյուղը տեղի էր տալիս վարդագույն հույսերին։ Երևակայությունն առաջնորդում էր նրան դեպի մի բարվոք ապագա։ Այստեղ նրա մեջ երևան էր գալիս մի տեսակ օպտիմիստ և իդեալիստ Մսերյան, սակայն այլ գույներով։ Նա լիովին իրագործված չէր նախագուշակում մարդկության լավագույն մասի իդեալը։ Նրա խելքը դատում էր համեմատական մեթոդով։ Նա տեսնում էր մի անընդհատ, հարատև պատերազմ դարերի ընթացքում, սերնդից սերունդ և սերունդների մեջ։ Երբեք չի դադարել հնի և նորի այդ պատերազմը, կփոխվեն միայն մարդիկ, կփոխվեն նրանց զենքերը, փոխադարձ դիմադրության եղանակը և միջոցները։ Բայց միշտ հաջորդ սերունդը յուր կյանքի քաղաքակիրթ կողմերով կգերազանցի նախընթաց սերնդից... և այսպես անվերջ...
Կրկին նա ոգևորվում էր, կրկին սիրտը լցվում էր քարոզելու, գործելու և անընդհատ մաքառելու անհուն եռանդով և ձգտումներով։
Ձմեռվա վերջին նա կամեցավ հեռանալ հայրենի քաղաքից։ Նրան զուտ փող էր հարկավոր ապրելու և գործելու համար։ Նա ծախեց հայրական կալվածներից մի փոքրիկը: