Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարել գործերը։ Սակայն քիչ ժամանակ անցած տեսավ յուր տնտեսական ապիկարությունը՝ նա՛, որ թեորիայով միայն գիտեր ինչ ասել է տնտեսություն։

Նա վճռեց սահմանափակել գործերը։ Ժռանգությունը օրինական կերպով հաստատելուց հետո, կալվածների մի մասը, նվիրեց քույրերին։ Այդպիսով նա ազատեց նրանց մի մշտական նախատինքից, որ խեղճ կանայք կրում էին ամուսիններից իրանց ժլատ հոր պատճառով։

Նրա եռանդուն միտքն անգործ չմնաց հայրենի քաղաքում։ Նա ուսումնասիրում էր գավառական կյանքը, հավաքում էր տեղեկություններ ժողովրդի բարոյական վիճակի մասին։ Ամեն օր նա շրջապատված էր տեղական երիտասարդներով, որոնք արդեն իրագործել էին նրա առաջին գալստյան ժամանակ առաջարկած ընկերությունը։ Նրա նոր կռիվը մեծ հետաքրքրություն էր շարժել։ Նրա կողմնակիցներն այժմ որոշ և ավելի րնդարձակ շրջան էին կազմում։ Բայց շատացել էր և հակառակորդների թիվը:

Պատահել էին մի քանի խոշոր ընդհարումներ երկու հակառակորդ խմբերի մեջ։ Նկատել էր, որ ինչ որ կատարվում է Թիֆլիսում, նույնն անդրադառնում է և փոքրիկ քաղաքների կյանքի վրա։ Այստեղ ևս տիրում էին նույն երկպառակությունները բոլոր հասարակական խնդիրների մասին։ Տարբերությունը միայն մեկ էր. կյանքը ավելի սահմանափակ լինելով, փոխադարձ խռովություններին է՛լ ավելի նեղ հոգի էր ներշնչում։ Մարդիկ ավելի աններողամիտ էին, ավելի կրքոտ և ավելի հիշաչար։ Շատ անգամ վեճերը հասնում էին սարսափելի ծայրահեղության։ Հակառակորդները պատրաստ էին մտքի պատերազմը փոխել բռունցքի կռվի և միմյանց գանգը ջարդել և դուրս թափել այնտեղից այն ուղեղը, որ հանդգնում էր ուրիշ կերպ դատել քան թե իրանցը։

Այս հանգամանքը Դիմաքսյանի համար հետաքրքրական էր յուր բնորոշ կողմերով: Նա տեսնում էր, որ մարդը որքան քիչ է կրթված, այնքան քիչ է համբերող, այնքան ավելի կատաղի է, սակայն, միևնույն ժամանակ, այնքան ավելի պարզ և անկեղծ է յուր համակրության և հակակրության մեջ։ Բայց ամենահետաքրքրականը նրա համար ուրիշ բան