Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ կարծում, որ օրիորդ Կարինյանը ումից և է պարտք վերցնի։ Նա հպարտ է, նա կվիրավորվի, վերջապես, նա ուրիշների օգնությանը բնավ կարոտ էլ չէ։

Եվ այս խոսքերը արտասանվելիս իդեալիստի ձայնը դողաց արտահայտելով նրա հուզմունքը։

Դիմաքսյանի համար այդ տարօրինակ խռովությունը դեռ անհասկանալի էր։ Ուստի նա միամտաբար նկատեց.

— Դու այնպես ես պաշտպանում օրիորդին, որ, կարծես, ես վիրավորեցի նրան։

— Ես նրան հարգում եմ, հասկանո՞ւմ ես, հարգում եմ...

— Միթե ես չե՞մ հարգում։

— Բայց դու... դու ուրիշ կերպ...

Հանկարծ նա սթափվեց, ուշքի եկավ, խոսքը ընդհատեց։

Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի տանը։ Նրանք ճաշից հետո նստած էին լուսամուտի առջև։ Իդեալիստը անորոշ հայացքով նայում էր հեռավոր հորիզոնի վրա կուտակվող սև ամպերին։ Նրա խորշոմած ճակատի վրա ընկերը նշմարեց մի տեսակ մռայլություն։ Դա այն մշտական թախծությունը չէր, որ դրոշմված էր նրա դեմքին շատ վաղուց և որ երբեմն միայն սքողվում էր զվարթության րոպեներին։

Երբ Դիմաքսյանը տուն վերադարձավ, միտքը շարունակ զբաղված էր Կարինյանի ձեռնարկությունով: Օրիորդի մտազբաղ կերպարանքը չէր հեռանում նրա աչքի առջևից։ Իրավ, ճիշտ էր ասում Մսերյանը, նա փոխվել է, շատ է փոխվել։ Նա այժմ տգեղ չէ երևում, մինչև անգամ սիրուն է դարձել։ Նա խելոք է, եռանդուն է, աշխատասեր,— ահա հատկություններ, որ կարող են գրավել մտածող տղամարդին։

— Է՛հ, տերը նրա հետ, թող ինչ ուզում է լինի, ի՞նչ գործ ունե նրա հետ։ Նա կամենում էր օգնել, Մսերյանը ասաց անկարելի է, «հպարտ է, օգնություն չի ընդունիլ»։ Բայց ինչո՞ւ էր Մսերյանը վրդովված։ Անշուշտ այդ մարդուն մի բան պատահել է և Դիմաքսյանը չգիտե։

Փոքր-ինչ անցած նա մոռացավ օրիորդին էլ, Մսերյանին էլ և նրան տիրեց պարբերապես կրկնվող տխրությունը: