Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սարսափով, այո՛, կատարյալ սարսափով նա հիշեց, որ գարունը մոտենում է։ Դարձյա՛լ նա պետք է ենթարկվի թախծալի հոգեկան մենության տառապանքներին, դարձյա՞լ պետք է զգա սիրվելու բուռն պահանջ, դարձյա՞լ կյանքը պետք է ապարդյուն և ամայի թվա նրան... Այս մտատանջության միջոցին նրա առջև կենդանի պատկերացավ Գայանեն։ Նրա կրծքից դուրս թռավ մի ծանր հառաչանք: Ահա նա յուր հրապուրիչ կապուտակ աչքերով։ Ինչո՞ւ նա փոխվել է, ո՞ւր է նրա նախկին կենսական զվարթությունը, ինչո՞ւ նա այնքան նիհարել է, դալկացել և այնպես մելամաղձոտ է երևում «նրա» հետ թև թևի տված զբոսնելիս։

Միթե նա դժբա՞խտ է։



XIV


Պյոտր Սոլոմոնիչը մի զարմանալի հոգեկան այլափոխության էր ենթարկվել։ Այդ զվարթ, բարեսիրտ, առույգ մարդու ամբողջ բնավորությունը կոտրվել էր և երկու մասի բաժանվել։ Այժմ նրա մեջ բնակվում էին երկու միմյանց բոլորովին հակառակ մարդիկ — ներքին և արտաքին, ընտանեկան և հասարակական։ Տնային Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի դյուրագրգիռ էր, անհամբեր, ամենաչնչին բաների համար գոռացող, կռվարար, մինչև անգամ հայհոյող։ Հասարակական Պյոտր Սոլոմոնիչը համբերող էր, ամենքի հետ համաձայնվող, ոչ ոքի չհակառակող, շփոթվող և այնքան հեզ, որ ամենահեռավոր ծանոթներին անգամ զարմացնում էր։ Նա ոչ միայն առաջվա պես տաք-տաք չէր վիճում քաղաքային գործերի մասին, այլև չէր պաշտպանում ոչ քաղաքագլխին, ոչ Ամբակում Աֆանասևիչին և ոչ էլ ինքն իրան, եթե մինչև անգամ երեսին հայհոյեին էլ։ Բայց որ ամենազարմանալին էր, շատ անգամ նա քաղաքային խորհրդի նիստերն էլ բաց էր թողնում։ Օրվա մեծ մասը նա տանն էր լինում, ծխում էր, մտածում, ման գալիս և ինքն յուր հետ խոսում։ Շարունակում էր լրագիրներ կարդալ, բայց այժմ ուրիշ կերպով։ Առաջ նա պարտավորապես սկսում էր Խորհրդին վերաբերվող գրվածներից և առհասարակ