Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես կարծում էի, որ նրա համար էլ դու պետք է փեսացու ճարես, հասկանո՞ւմ ես, երիտասարդ, գեղեցիկ, կրթված փեսացու։

Եվ «երիտասարդ, գեղեցիկ, կրթված» բառերը առանձին շեշտելով, մի սուր հայացք ձգեց կնոջ վրա ոտից մինչև գլուխ և գնաց։

Մի ուրիշ անգամ.

— Աննա՛։

— Ի՞նչ կա։

— Լիզոչկան և Էլեչկան էլ մեծանում են։

— Տեսնում եմ։

— Էէ՛, ուրեմն շուտով դու էլ հարսնացու աղջիկների մայր կլինես։

— Այդ մասին դեռ ժամանակ չէ մտածելու, վաղ է։

— Ժամանակ չէ՞,— պոռաց Պյոտր Սոլոմոնիչը, ոտը ուժգին զարկելով հատակին,— ժամանակ է, տես, նրանց հայրը ինչպես պառավել է։

Կինը սիրալիր ժպտաց, նրա ասածը կատակի տեղ ընդունելով։

— Ծիծաղում ես, հաա՞, իհարկե, կծիծաղես։ Ես պառավ եմ, ուզում եմ իմ աղջիկներիս շուտով մարդու տալ, թոռներ եմ ուզում տեսնել և հետո մեռնել։

— Ի՞նչ մեռնելու ժամանակ ես գտել, Պետյա, դու դեռ այնքան...

— Ես դեռ այնքան ի՛նչ, ասա, ի՛նչ...

— Առողջ ես։

— Բայց պառավ եմ չէ՞, պառավ, քավթառ, կուչ եկած, սպիտակ մազերով, կեղծ ատամներով...

Եվ նա դարձյալ մի տարօրինակ հայացք ձգելով կնոջ վրա, քթի տակ ինչ-որ մրթմրթաց և հեռացավ։

Կինը ապշած շարժում էր ուսերը, նայելով նրա հետևից։ Իսկապես նա գիտեր ամուսնու տրամադրության բուն պատճառը։ Բայց չէր հասկանում, ինչո՞ւ ծերունին առաջ այդպես չէր, հանկարծ փոխվեց այժմ, երբ տիկինն իրան համարում էր ավելի պակաս մեղավոր։ Նրան սարսափեցնում էին այդ կիսավայրենի հայացքները, այդ սոսկալի լռությունը, այդ