պատասխանը։ Պյոտր Սոլոմոնիչը դռները լայն բաց արեց, կանգնեց և, ձեռը մեկնելով դեպի դուրս, ասաց.
«Համեցե՛ք»։
Ոչ մի տեղ նա չի կարող գնալ։ Նա Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր կինն է, պետք է հնազանդվի նրա կամքին։ Իսկ եթե հանդգնի տնից ոտը դուրս դնել, ոստիկանության միջոցով, օրենքի և եկեղեցու անունով հետ բերել կտա։ Ո՞վ պետք է նրան պաշտպանի։ Պառավ մա՞յրը։— Նա քաղցից մեռնում է։ Եղբա՞յրը։— Չունի եղբայր։ Ազգականնե՞րը։— Չեն համարձակվիլ:
Վերջապես, տիկինը խնդրեց խնայել գոնե Օվսաննային։ Հարսնացու աղջիկ է, ի՞նչ մեղք ունի, որ նրան դատապարտում են երեք ամիս ապրել մի խուլ անկյունում, ուր, բացի կոպիտ գյուղացիներից, ոչ ոք չկա։
Սակայն Պյոտր Սոլոմոնիչը պատասխանեց, թե Օվսաննան, եթե ուզում է, կարող է քրոջ հետ ամառանոց գնալ։ Բարաթյանները կամ Բորժոմ կգնան կամ Աբասթուման կամ մի ուրիշ ավելի լավ տեղ։
— Նրանք ջահել են, նրանց ուրախ կյանք, ուրախ տեղ է հարկավոր։ Մենք պառավ մարդիկ ենք, որտեղ էլ որ լինի միևնույն է մեզ համար, միայն թե օդը մաքուր լինի։
Ոչինչ չէր կարելի անել։ Տիկինը ակամա հնազանդվեց։ Բայց Օվսաննային չթողեց Գայանեի հետ ամառանոց գնալ։ Ինչո՞ւ, թող այդ աղջիկն էլ տխրի նրա հետ մի աննշան գյուղում։ «Գոնե նա կարող է մխիթարել ինձ», ասում էր տիկինը։
Պյոտր Սոլոմոնիչը չարախնդությամբ ժպտում էր, տեսնելով կնոջ հուսահատությունը։ Պարզ էր, որ նրան սատանայական հաճույք էր պատճառում այդ բոլորը։
Անվերջ ձանձրալի և տխուր էին տիկնոջ համար այդ երեք ամիսները։ Նրան թվում էր, թե աքսորականի կյանք է վարում։ Ուրախությամբ կհամաձայնվեր մնալ քաղաքում, խաշվել թեկուզ աֆրիկյան անտանելի շոգերի մեջ, միայն թե «մարդկանց» երես տեսներ, մարդկանց և ոչ մի քանի «հավլաբարցիների, ոչ հավ ու ձու ծախող շինականների»։
Հետզհետե նա էլ Պյոտր Սոլոմոնիչի պես դառնում էր դյուրագրգիռ, կռվարար։ Յուր սրտի թույնը թափում էր