շրջապատողների գլխին։ Երբեմն մինչև անգամ ձեռք էր բարձրացնում անմեղ զավակների վրա չնչին զանցառության համար։
Աշնան սկզբին քաղաք վերադառնալով, նրան թվաց, թե դժոխքից արքայություն տեղափոխվեց։ Նա ագահությամբ վազեց փողոց, պտտեց խանութները, այցելեց բոլոր ընկերուհիներին։ Պյոտր Սոլոմոնիչը մտքում վճռել էր նրան մի շաբաթ ազատ թողնել. միայն մի շաբաթ, իսկ հետո դարձյալ պետք է նրան յուր ճանկերի մեջ առներ։
Երբ Աննային հարցնում էին, ի՞նչ զարմանալի միտք ստիպեց նրան Մարդկոպը գերադասել գեղեցիկ ամառանոցներից, նա պատասխանում էր.
— Ձանձրացել էի հասարակությունից։
— Օ՛հ, էլ մի՛ ասեք, մենք Վիսբադենում զզվեցինք...
— Սիրտս էր տրաքում Վիեննայում...
— Այս ամառ Փարիզում շատ շոգ էր...
Այս բոլորը դիտմամբ արձակված փշեր էին խեղճ տիկնոջ սիրտը խոցոտելու համար։ Որքան Պյոտր Սոլոմոնիչը սառած լիներ դեպի հասարակական գործերը, չկարողացավ անտարբեր մնալ քաղաքային նոր ընտրությունների ժամանակ։ Հայտնվեց, թե այս անգամ ընտրողական պայքարը ավելի սաստիկ պետք է լինի, կուսակցությունները ավելի թշնամաբար են տրամադրված։
Ամբակում Աֆանասևիչը անչափ վրդովված էր։
— Այդ կռոները,— բացականչում էր նա,— ամեն տեղ ասում են, թե մենք քաղքցիներս ոչ մի բանի ընդունակ չենք, բացի Կախեթի գինի խմելուց ու շարմանկա լսելուց։ Ջհուդներ, հաց խլողնե՛ր։
Այստեղ Պյոտր Սոլոմոնիչի թմրած աչքերը մի վայրկյան վառվեցին։ Նա սրտմտությամբ գոչեց։
— Մերոնք կռո-ջհուդներից վատ են։ Եթե նրանք մեր հացն են խլում, մերոնք էլ մեր տան պատիվն են ոտքի տակ տալիս...
Ասաց նա այս խոսքերը, որովհետև չկարողացավ զսպել սրտի մաղձը։ Սակայն նույն պահին զգաց յուր անզգուշությանը, լռեց իսկույն և, երեսը շուռ տալով, հեռացավ, առանց մինչև անգամ ցտեսություն ասելու։