Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամբակում Աֆանասևիչը չափից դուրս զարմացած նայեց նրա հետևից և աչքերը լայն բաց անելով, արտասանեց,

«Էհե՛, խեղճ մարդ, բանդ բուրդ է...»։



XV


Օրիորդ Կարինյանը արտասահմանից վերադառնալուց հետո ընդհանուր ուշադրություն էր գրավել։ Նրա անխառն, անշեղ բնավորությունը, անկեղծ և հասարակ վարմունքը հավաքել էին շուրջը մի խումբ օրիորդներ և երիտասարդներ։ Շաբաթը երկու անգամ նրա բնակարանը լիքն էր լինում հյուրերով։

Այցելում էին հաճախ և՛ Մսերյանը, բժիշկ Սալամբեկյանը և Դիմաքսյանը։ Տանտիրուհու պարզ վարմունքը ամենքին տրամադրում էր լինել ազատ, զվարթ։

Հյուրերը սովորաբար հավաքվում էին հինգշաբթի և շաբաթ երեկոները, երբ օրիորդը ազատ էր յուր զբաղմունքներից։ Մսերյանի ոգևորիչ զրույցները և Դիմաքսյանի սուր, առողջ դատողությունները ընկերական շրջանին տալիս էին լրջություն։

Սակայն երևույթների կենտրոնը բժիշկ Սալամբեկյանն էր։ Նրա սառն, դանդաղ եղանակով արտասանած կատակներր, կիսահիասթափ և հեռատես սրախոսությունները կամա ակամա շարժում էին ամենքի ծիծաղը։ Նա ինքը երբեք չէր ծիծաղում, նույնիսկ ամենազվարճալի մի բան պատմելիս նրա մելամաղձոտ դեմքի վրա ժպիտ չէր երևում։ Դա ավելի համեմում էր նրա հումորը, որ անիմաստ և դատարկ բաների մասին չէր, այլ հարվածում էր կյանքի որևէ վատ երևույթ։

Այնուամենայնիվ, վերջին ժամանակ նրա մեջ նկատելի էր մի տեսակ փոփոխություն։ Նա դարձել էր համեմատաբար ավելի գործունյա և եռանդուն։ Նա առաջվա չափ հաճախ չէր կրկնում «աշխարհը դատարկ բան է»։ Բացի հիվանդանոցում ունեցած պաշտոնից, նա ձեռք էր բերել և ուրիշ մի թեթև բժշկական պաշտոն, ուներ նաև «պրակտիկա»։ Առհասարակ մելամաղձության հետ այժմ նրա աչքերի մեջ երևում