Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև Դիմաքսյանը հաճախ պատահում էր Գայանեին, որ միշտ յուր փոքրիկների և նրանց դայակի հետ էր լինում և միշտ միևնույն նստարանի վրա նստած։ Երբ Դիմաքսյանը մենակ էր լինում, ամաչում էր մոտենալ նրան, թեև տիկինը ընդունում էր նրա բարևները այնքան սիրալիր, այնքան բարեկամական կերպով, որ կարող էր վստահ մոտենալ, առանց կասկածելու, թե այդ դուր չի գալ նրան։

Հետզհետե նրա սրտում պակասում էր նախկին ատելությունը, տեղի տալով ցավակցության։ Նա ցավում էր Գայանեի մասին, որովհետև համոզվում էր, որ նա դժբախտ է։ Երբեմն նա Մսերյանի հետ հյուրանոցի պատշգամբի վրա նստած մինչև ուշ գիշեր խոսակցում էր։ Եվ նրանց խոսակցության առարկան մեծ մասամբ Գայանեն և օրիորդ Կարինյանն էին։ Իդեալիստի համար այժմ չկար ուրիշ ավելի հետաքրքրական թեմա, քան օրիորդը։ Այժմ նա անչափ ուրախ էր, որ Կարինյանը, առանց ուրիշի օգնության, յուր գործը նյութականի կողմից հաջողեցրել էր և սեպտեմբերի սկզբին արդեն պետք է բաց աներ մանկական պարտեզը։

Մի օր հանկարծ ամառանոցում երևաց բժիշկ Սալամբեկյանը։ Նա ասաց, թե եկել է մի շաբաթով յուր ազգական մի ընտանիքի մոտ, որ Ախալցխայից էր տեղափոխվել ամառանոց։ Նրա գալը, ինչպես երևում էր, Մսերյանին դուր չեկավ: Դիմաքսյանը նկատում էր, որ այդ օրերը իդեալիստը շատ տխուր է, թեև ոչինչ չի ասում և առհասարակ շատ գաղտնապահ է դարձել։ Որքան այս հանգամանքը հետաքրքրական լիներ Դիմաքսյանի համար, բայց սեփական մտատանջությունը ամեն բան մոռացնել էր տալիս նրան։ Նրա մտքից և աչքից չէր հեռանում Գայանեն։ Ահա նա, միշտ մելամաղձոտ, միշտ գունատ, միշտ նստած միևնույն նստարանի վրա, մայրական զգույշ աչքերով հսկում է յուր փոքրիկներին։ Երբ նա տեսնում է Դիմաքսյանին, բռնի զվարթության ժպիտը երևան է գալիս նրա դեմքի վրա։ Նրա կապուտակ աչքերը դարձյալ փայլում են։ Կեղծի՛ր, կեղծի՛ր, բայց քո դժբախտությունը նկարված է այդ մռայլուն աչքերիդ մեջ։

Մի անգամ Դիմաքսյանը տիկնոջը հանդիպեց ամուսնու հետ։ Նրանք զբոսնում էին հասարակական պարտեզում, ուր