Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվագում էր երաժշտությունը և անցուդարձ էին անում ամառանոցի անհոգ բնակիչները։

Վերջին ժամանակ Բարաթյանը գրեթե անճանաչելի էր դարձել արտաքուստ։ Մի ժամանակվա նրբակազմ գեղեցիկ երիտասարդը գերացել էր, փոր գցել։ Նրա այտերը ուռել էին, կարմրել, պարանոցը հաստացել էր։ Դեմքի նախկին նրբությունը և խելացի արտահայտությունը տեղի էր տվել բուրժուական կուշտ, անհոգ արտահայտությանը։

Գայանեի համար այդ փոփոխությունն էլ անախո՛րժ էր։ Երբեմն, դիտելով ամուսնուն, նա հիշում էր, որ մի ժամանակ այդ մարդու գրավիչ հատկություններից մեկը նրա համար եղել է և՛ գեղեցկությունը։ Մե՞կը, գուցե հենց այդ մեկն էր գլխավորը։ Այժմ այդ էլ դավաճանում է նրան։ Ուրեմն ի՞նչն է նրա մեջ հարատև, մշտական...

Այժմ նրանց մեջ այլևս տեղի չէին ունենում ընտանեկան բուռն տեսարաններ։ Գայանեն տանջվում էր լուռ, անբողոք։ Բայց ո՛րքան թանկ էր նստում նրա սրտին այդ լռությունը։ Շատ անգամ կարելի էր տեսնել նրան յուր սենյակում առանձնացած արտասվելիս։ Չէ՞ որ այժմ նա միայնակ է, գրեթե բոլորովին միայնակ, որբ, անպաշտպան։ Ինչո՞ւ տիկին Բախտամյանը չթողեց Օվսաննային, նրա հարազատ քրոջը գալ նրա մոտ։

Ա՜խ, այդ կինը, ամեն տեղ նա է Գայանեի բախտի խոչընդոտը։ Այո՛, նա առաջինը ստվեր գցեց նրա ընտանեկան երջանկության վրա, առաջինը կորզեց նրա բախտը։

«Այսպե՞ս է արդյոք, իզուր չի՞ իմ մեղադրանքը»։

Ոչ, ոչ, հազար անգամ ոչ։ Փաստե՛ր։— Մի՞թե Իսակը անփորձ պատանի է, որ չհասկանա, թե որքան ծանր է հանցանքը, այնքան պետք է զգույշ լինել «փաստեր» ջնջելում։ «Չէ՞ որ հարյուր անգամ բռնել եմ նրա սուտը ...»։ Եվ այդ բոլորից հետո, մի օր, մի դժբախտ օր... ահա և փաստը...

Երեկո էր։ Նրանք նստած էին ամառային կացարանի ընդարձակ պատշգամբի վրա։ Դայակը երեխաներին քնեցրել էր և ինքը տնից հեռացել։ Բացակա էին և մյուս ծառաները։ Մարդ ու կին առանձին էին։

Հասարակական պարտեզից լսվում էր երաժշտության