Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մխիթարություն։ Այժմ նա տեսնում էր, որ միայն ինքը չէ անհաջող բախտի տեր, մերժված և մոռացված։

Նա շարունակում էր յուր մենակի զբոսանքները։ Եվ միշտ նրա քայլերը ակամա դիմում էին այն կողմ, ուր սովորաբար լինում էր Գայանեն։ Բայց երեխաները և դայակը միշտ միևնույն տեղն էին լինում սովորական ժամին, իսկ Գայանեն մի քանի օր էր չէր երևում։ Նա սկսեց անհանգստանալ. չլինի՞ թե հիվանդ է տիկինը։ Մի անգամ, չկարողանալով զսպել բուռն հետաքրքրությունը, զգուշաբար հարցրեց դայակին։ Ռուս կինը աչքունքը թթվացնելով պատասխանեց, թե «տիրուհին» թեև պառկած չէ, բայց «տկար է»։

Դիմաքսյանը անտակտություն համարեց ավելի հարցնել։ Նա համբուրեց երեխաներին, նայեց մեծ աղջկա աչքերին, որ մոր աչքերին էին նմանում, թեթև հառաչեց և հեռացավ, յուր սրտում տանելով մի ցավակցություն դեպի այդ անմեղ արարածները։ Ցավակցություն, բայց խառն մի անբացատրելի ատելության հետ։

Նա անցնում էր մի նեղ ծառուղիով, ոչ հեռու գետակից, գլուխը կրծքին թեքած, անուշադիր դեպի յուր շուրջը։ Հանկարծ մեկը արտասանեց նրա անունը հետևից։ Նա հետ նայեց և տեսավ բժիշկ Սալամբեկյանին օրիորդ Կարինյանի հետ.

— Ես կամենում էի հարցնել, ե՞րբ եք մտադիր վերադառնալ քաղաք,— հարցրեց օրիորդը Դիմաքսյանին։

Նա ինքը չգիտեր, թե երբ կվերադառնա, գուցե վաղը, մյուս օրը, գուցե դեռ երկար ժամանակ կմնա։

— Ինչո՞ւ համար էիք հարցնում,— ասաց նա։

— Ոչի՛նչ, այնպես։

Օրիորդը խոսում էր տատանվելով և կմկմալով։ Նրանք առաջ գնացին մի քանի րոպե լուռ։ Բժիշկը մտախոհության մեջ էր, չէր խոսում։ Օրիորդը նայեց նրա երեսին, մտածեց մի վայրկյան և ապա կրկին դարձավ Դիմաքսյանին.

— Արդյոք պարոն Մսերյանի մասին տեղեկություն ունե՞ք։

— Ո՛չ:

— Քանի՞ ժամանակ է անցել նրա գնալուց։