Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Արդեն տասն օր է։

— Եվ դուք նամակ չունե՞ք։

— Դեռ ոչ. ի՞նչ կա...

Նա վախեցավ, կարծելով ընկերոջը մի բան է պատահել, որ օրիորդը այնքան անհանգիստ կերպով հարցուփորձ է անում։

— Ոչինչ չի պատահել, ես միայն ուզում էի նրա մասին տեղեկություն ունենալ, ես նրան անչափ հարգում եմ...

Բժիշկը տակավին լուռ էր։ Մոտենալով ճեմելիքի ծայրին, նա նստեց նստարանի վրա, ասելով, թե սաստիկ հոգնած է։ Մի քանի րոպե անցած, օրիորդը հեռացավ, մտնելով դիմացի ամառանոցը, ուր նա բնակվում էր։ Երկու ընկերները մնացին աոանձին։

— Ես զգում եմ, որ նա քեզ բոլորը պատմել է,— խոսեց վերջապես բժիշկը,— ուրեմն հարկ չկա թաքցնելու։ Բայց միթե ես մեղավո՞ր եմ, որ գործը այս ընթացքը ստացավ։ Դու գիտես, թե ես որքան սիրում եմ և հարգում Մսերյանին...

— Մի՞թե ես այդ մասին մի խոսք ասացի՞ քեզ, մեղադրեցի՞։

— Ո՛չ, բայց ի՞նչ և լինի, այժմ դու ինձ վրա ուրիշ աչքով ես նայում...

— Ես քեզ վրա այժմ էլ այն աչքով եմ նայում, ինչ աչքով նայում էի առաջ։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց բժիշկը զվարթանալով,— ինձ համար այդ մեծ նշանակություն ունե։

— Ես միայն զարմանում եմ բնության խաղի վրա։ Երբեք չէի կարող երևակայել, որ Մսերյանը մի օր կհափշտակվի այդպես։ Իսկ դու, որ այնքան ծաղրաբար էիր վերաբերվում կյանքին, դու, որ դատարկ բան էիր համարում նրան, ինչպե՞ս եղավ, որ այսօր հանկարծ երկու ձեռքով ես գրկում այդ դատարկ բանը։

— Ես ինքս չգիտեմ, ինչպես բացատրել։ Միայն այսքանը կասեմ, որ այն օրից, երբ ես մոտիկ ճանաչեցի այդ աղջկան, իմ մեջ սկսվեց մի հոգեկան հեղափոխություն։ Թող