հոգեբանը բացատրի այս, իսկ ես այժմ այնքան ուզում եմ ապրել, այքան երբեք, երբեք չեմ կամեցել...
Եվ բժիշկը սկսեց ոգևորված գովել օրիորդ Կարինյանին, հարկավ, ինչպես սիրահար, կրկնապատկելով նրա արժանավորությունները։ Դիմաքսյանը զգում էր, որ յուր մեջ դարձյալ շարժվում է նախանձը։ Նա մտքում պարսավեց իրան և, աշխատելով զսպել վատ զգացումը, անկեղծաբար արտահայտեց յուր բերկրությունը ընկերոջ երջանկության մասին։
Օրեցօր նրա անհանգստությունը սաստկանում էր։ Տասնյակ միմյանցից վատ մտքեր նրան հալածում էին։ Արդյոք Գայանեն նրանից է խույս տալիս, որ տնից չէ դուրս գալիս։ Գուցե նա վախենում է յուր ամուսնուց կամ հասարակական բամբասանքից։ Բամբասա՞նք, բայց ինչո՞ւ համար. որ նա երբեմն դրսում պատահում է և խոսո՞ւմ մի օտար տղամարդի հետ։
Նա աշխատում էր մի անգամ, անպատճառ, ինչպես և է, տեսնել Գայանեին, ցույց տալ նրան յուր սառն հարգանքը, մի հարգանք, որ կարող է տիկնոջը համոզել, թե երբեք նրա վրա Դիմաքսյանը չի նայում սիրահարված մարդու աչքով։
«Այո՛, այսպես պետք է անեմ, ասում էր նա ինքն իրան, որ չկարծի, թե ես կամենում եմ ծաղրել նրա դժբախտությունը»:
XVII
Գայանեն գալիս էր մի հարևան ամառանոցից, ուր բնակվում էր նրա ազգական ընտանիքներից մեկը։ Նա մենակ էր և ծանր հանդարտ քայլերով ընթանում էր առաջ, հայացքը ուղղած դեպի անորոշ տարածություն։ Թվում էր, որ ամբողջ էությունով նա խորասուզված է յուր հոգու մեջ և արտաքին աշխարհը նրա համար գոյություն չունե։
Տեսնելով Դիմաքսյանին, նա շփոթվեց: Միայն մի թեթև անցողիկ ժպիտ սահեց նրա դեմքի վրա, ինչպես անձայն հողմի մեղմիկ շունչը անդորր ծովի մակերևույթով։