մարդկային բնավորությունը։ Մնացյալը լրացնում են ընտանիքը և հասարակությունը։ Անշուշտ, դուք պետք է համաձայն լինեք ինձ հետ, որ սուտը և կեղծությունը վնասակար են, նույնպես չպիտի հերքեք, որ մեր կյանքում այդ բացասական հատկությունները զորեղ դեր են կատարում։
— Դուք խոսում եք այնպես, ինչպես մի քանի տարի առաջ։
Անցյալի մտաբերելը Դիմաքսյանին շփոթեցրեց ախորժելի կերպով։ Ներքին հաճույքից նրա աչքերը փայլեցին և շարժուն դեմքը արտահայտեց մի անզսպելի բերկրություն։
— Մի՞թե դուք կկամենայիք, որ այժմ ուրիշ կերպ խոսեի,— ասաց նա ոգևորվելով,— սուտը և կեղծությունը ես միշտ դատապարտել եմ և միշտ պիտի դատապարտեմ, առանց ուշադրություն դարձնելու նրանց արդարացնող պատճառների վրա...
Նա կանգ առավ: Նա վճռել էր միմիայն սառն բարեկամական հարգանք ցույց տալ տիկնոջը։ Իսկ այժմ զգում էր, որ անկարող է յուր վճիռը հաստատապես կատարել։ Մի քանի վայրկյան լռելուց հետո, նա ավելացրեց.
— Բայց երբեմն ամենաառաքինի մարդիկ անգամ ենթարկվում են ստի և կեղծության ազդեցության, և ենթարկվում են ակամա, անգիտակցաբար։ Եթե նրանք ունենային ավելի քաջություն դիմադրելու ավանդական նախապաշարմունքներին, այն ժամանակ կլինեին ավելի անկեղծ և միշտ ճշմարտախոս։
Գայանեն լուռ լսում էր նրան, աշխատելով ըմբռնել այդ անորոշ խոսքերի տակ թաքնված իմաստը։
— Ես կարծում եմ,— շարունակեց Դիմաքսյանը ավելի ոգևորվելով,— թե կգա ժամանակ, որ այդ մարդիկ իմ ասած քաջությունն էլ կունենան։ Ուզում եմ ասել, թե կգա ժամանակ, երբ մեր խոսքի և մտքի, զգացումների և գործերի մեջ տիրող հակասությունը կպակասի։ Տիկին, մենք այժմ հազիվ կիսով չափ պատկանում ենք մեզ, իսկ մեր էության, մեր բարոյական և մտավոր կազմի մյուս կեսը հասարակական նախապաշարմունքների ստրուկն է։ Գուցե հենց այդպես էլ հարկավոր է, գուցե անհրաժեշտ է, որ