հասարակությունը մարդու գլխին լինի մի դատավոր, մի վերահսկող, քանի որ անհատը դեռ չի կատարելագործվել։ Բայց նա՛, որ զգում է յուր մեջ սեփական ուժ, ինքնուրույնություն և մտքի աներկյուղ քաջություն, նա վրդովվում է այդ ինքնակոչ վերահսկողի դեմ, որ միշտ ձգտում է բռնակալի դեր կատարել։ Ինչո՞ւ։ Որովհետև նա տեսնում է, որ այդ վերահսկողը ինքը, իբրև անհատի կրթիչ, իբրև ուղեցույց, իբրև առաջնորդ, տհաս է, կարճատես է։ Այդ տեսակ ինքնուրույն խելք և սկզբունքներ ունեցող մարդը մտածում է. «ի՛նչ անեմ, մի՞թե գնամ ընդհանուր հոսանքով»։ «Ո՛չ, պատասխանում է նրան ներքին ձայնը, չպիտի գնաս, աշխատիր ինքդ առաջնորդել նրան, որ քեզ ուզում է առաջնորդել և, եթե ուժերդ քեզ չեն դավաճանիլ, մեկ-մեկ խորտակիր նրա դեմ կանգնած խոչընդոտները»։
Վերջացնելով խոսքը, նա ձեռները հենեց ձեռնափայտին և հայացքը ձգեց հեռու ու հեռու։ Կարծես, այդ վայրկյանին նա մոռացել էր յուր խոսակցին, ինքն յուր մտքերի բուռն հոսանքով հափշտակված։
Գայանեն լուռ էր։ Նա արդեն մասամբ գուշակում էր, թե Դիմաքսյանը ինչ բան է ակնարկում և առհասարակ ինչ տեսակ քաջության ու ինքնուրույնության մասին է խոսում։ Այդ խոսքերը բաց էին անում նրա համար մի նոր, բոլորովին անծանոթ աշխարհ, ուր մինչև այդ ժամանակ չէր թափանցել նրա միտքը։ Ուշադրությամբ լսելով Դիմաքսյանին, նա թույլ էր տալիս իրան միանգամայն անձնատուր լինել նրա ասածների ազդեցությանը։ Եվ զգում էր, որ մի ինչ-որ բուռն, անդիմադրելի, բայց վերին աստիճանի ախորժելի հոսանք հետզհետե գրավելով քաշում ու տանում է նրան հայտնի չէ ուր։
Մի վայրկյան նա նայեց ոգևորված երիտասարդի դեմքին և այդ վայրկյանին Դիմաքսյանը երևաց նրան միանգամայն կերպարանափոխված։ Կարծես, դա այն մարդը չէր, որին հինգ-վեց տարի առաջ տեսավ Բարաթյանի հետ առաջին անգամ։ Նրա դեմքի գծերը հարատև և լարված մտավոր գործունեությունից մեղմացել էին և նրբացել։ Խոշոր, ազդու