շաբաթ երեսս չտեսնելուց հետո։ Դու գուցե հավատացիր, որ նա գլխացավ ունե։ Ոչ. ես իմացա, որ սուտ է։ Նա ինձ տեսավ և իսկույն գլխացավը բռնեց։ Ճաշից հետո գնացի սենյակս։ Նա էլ յուր սենյակումն էր։ Կանչեց ինձ յուր մոտ, հարցուփորձ արավ Մելիք-Բարսեղյանի մասին։ Երանի նամակումս գրած չլինեի, թե նա էլ Դիլիջանումն է։ Սկսեց հետս անվայել կատակներ անել։ Ախ, աստված, ամոթից չեմ կարող պատմել, թե ինչեր ասաց։ Եթե լսեիր, Ռուբեն, ականջներդ պիտի փակեիր։ Ես համբերեցի. նա չդադարեց։ Առաջին անգամը չէ անում ինձ հետ տգեղ կատակներ։ Հենց որ մի նոր երիտասարդի հետ ծանոթանում եմ, նրա չարախոսությունը արդեն պատրաստ է։
Մինչ Մարիամը պատմում էր այս բոլորը, Ռուբենը վրդովված, շրթունքը ներքին ալեկոծությունից սեղմած, ճակատը ամուր բռնած, լսում էր։
— Իսկ մա՞յրը,— արտասանեց երիտասարդը խեղդուկ ձայնով։
Մարիամր վարանեց իսկույն պատասխանել։
— Գիտեմ,— ասաց Ռուբենը,— առանց քո ասելու էլ գիտեմ։— Այս տան մեջ քեզ ոչ ոք չի սիրում, ոչ ոք…
— Ոչ, անարդար մի' լինիլ, Ռուբեն,— ընդհատեց Մարիամը,— ես հարգում եմ մեր հորեղբորը. նա եթե չի սիրում, չի էլ ատում։ Բայց ինձ սիրողներ էլ կան այս տանը, և հենց նրանք էին մինչև այժմ ինձ մխիթարողները — Լիզան ու Գաբոն։
Մի քանի վայրկյան տիրեց լռություն։ Ռուբենի սիրտը ուժգին բաբախում էր հուզմունքից։ Նա սաստիկ վարանման մեջ էր. պետք է դուրս բերել Մարիամին այդ տանից, ազատել նրան Նատալիայի և տիկին Սոփիոյի հալածանքից, այդ անվիճելի է:
— Եվ դեռ այս բոլորից հետո դու ուզում ես, որ քեզ այստեղ թողնեմ և գնա՞մ,— գոչեց նա զայրացած,— ոչ, Մարիամ, դու պիտի գաս ինձ հետ, այլևս քո համառությունը ինձ խաբել չի կարող։
Մարիամը դառնությամբ հառաչեց։
— Մտածի'ր, Ռուբեն,— ասաց նա թախծալի ձայնով,—