Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ւր ես գնում և ինձ էլ տանում— մի օտար, հեռավոր երկիր, ո՞ւմ հաշվով, ի՞նչ միջոցներով։

— Ի՞նչ միջոցներով,— կրկնեց Ռուբենը զարմացած, — միթե այդ հարցին էլ պատասխա՞ն է հարկավոր։

— Այո, հարկավոր է,— ասաց Մարիամը դրական եղանակով,— և հենց այդ է, որ ես չեմ ուզում գալ քեզ հետ և ոչ էլ քո գնալդ կցանկանայի, եթե միայն կարող ես գնալ...

Վերջին դարձվածը կրկնապատկեր Ռուբենի զարմանքը։

— Եթե միայն կարող եմ գնալ,— մեքենաբար արտասանեց նա,— ո՞վ կարող է ինձ արգելել։ Վերջապես, ի՞նչ ես ուզում ասել, պարզ խոսիր, Մարիամ։

— Այն եմ ուզում ասել, Ռուբեն,— պատասխանեց քույրը,— որ նախքան մի տեղ գնալդ, դու պետք է պարզես մեր ժառանգական գործերի դրությունը։ Հասկանո՞ւմ ես։

— Մեր ժառանգական գործերի դրությունը պարզ է։ Մեր հանգուցյալ հայրը մեր ժառանգությունը հանձնել է յուր եղբորը։ Մենք ապահով ենք. ապրում ենք մեր կարողությամբ և արտասահման կգնանք մեր հայրական փողերով։

— Այո՛, հայրական փողերով,— շեշտեց Մարիամը մի տեսակ հեգնությամբ,— ու՞ր են այդ փողերը։

— Ասացի, որ մեր հորեղբոր մոտ։

— Գիտե՞ս հաստատ, խոսե՞լ ես նրա հետ, կա՞ արդյոք, եթե կա, որքա՞ն է, բավակա՞ն են մեր ծախսերին, ահա ինչ է հարկավոր պարզել, Ռուբեն։ Այս չիմացած, դու չպիտի ոչ մի տեղ գնաս, եթե ինձ սիրում ես, եթե ինքնասիրություն անես։

Ռուբենը մի վայրկյան ապշած նայեց քրոջ երեսին։ Ապա ձեռը տարավ ճակատին, աչքերը սևեռեց սեղանին և մտատանջության մեջ ընկավ։

— Սպասի՛ր,— ասաց նա, տատանվելով,— դու իմ սիրտս մի ինչ-որ կասկած ձգեցիր, Մարո... Այո, դու ճշմարիտ ես ասում... ես պիտի խոսեմ մեր հորեղբոր հետ... Մի՞թե... Բայց ոչ, պարզ հիշում եմ հանգուցյալ հայրիկի խոսքը... Նա մեզ չքավոր չի թողել։ Ինչևիցե, ճշմարիտ ես ասում, պետք է պարզել, և շուտով, հենց այս քանի օրը, հենց վաղը գուցե։