Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարզությանը իմ կարծիքով ամենագլխավոր առաքինությունն է,— շարունակեց նա, այլևս չկարողանալով զսպել իրան։— Ով զուրկ է անկեղծությունից, նրա մյուս բոլոր արժանավորությունները նսեմանում են իմ աչքում։ Շատ անգամ մտածում եմ և ինձ համար բնավ անհասկանալի է դառնում՝ ինչու մենք միշտ կեղծում ենք։ Ինչո՞ւ հարուստը աղքատ է ձևանում, աղքատը — հարուստ, հիմարը — փիլիսոփա, խելոքը — ճգնավոր։ Ինչո՞ւ նա՛, որին ճակատագիրը անբախտ է դարձրել — բախտավոր է ձևանում։ Մինչդեռ նրա քայլվածքը, նրա ձայնը, վերջապես, նրա ամբողջ կերպարանքը մատնում են նրան, ցույց տալով նրա վախը նախապաշարմունքներից, նրա կեղծությունը...

Նրանց աչքերը կրկին հանդիպեցին միմյանց։

Գայանեն գլուխը խոնարհեցրեց և սկսեց հովանիի ծայրով ցնցողաբար փորփորոտել խոնավ գետինը։

Ակնարկը բավական պարզ էր, բավական հասկանալի։ Նա զգաց, որ Դիմաքսյանը սպասում էր նրանից անկեղծություն, որ նա արդեն թափանցել է նրա հոգու խորքը և այնտեղ պարզ կարդում է բոլոր վշտերը։ Բայց ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է նա, որ այնպիսի հանդգնությամբ մոտենում է նրա ներքին աշխարհին և այնտեղ ամենայն խստությամբ շոշափում է նրա հոգու նվիրական գաղտնիքները։ Ոչ, ոչ, դա աններելի է մարդու կողմից, որին նա ոչ մի իրավունք չէ տվել, ոչ մի ակնարկով չէ մոտեցրել իրան։ Նա գլուխը բարձրացրեց այն ժամանակ, երբ Դիմաքսյանը նայում էր մի ուրիշ կողմ։ Երիտասարդի գունատ և խելացի ճակատը, երեսի մեղմիկ ցնցվող մկանունքները պարզ արտահայտում էին, թե ինչ է կատարվում նրա հոգում։ Մի վայրկյանում տիկնոջ հայացքը դարձյալ փոխվեց նրա մասին։ Ինչ-որ մի ներքին ուժ, ցավակցության թե խղճահարության նման մի բան, հուզեց նրա սիրտը։ Նա զղջաց, որ նույնիսկ մի վայրկյան թույլ էր տվել իրան կասկածել այդ մարդու հոգու մաքրության մասին։

— Դուք ամեն բանում պահանջում եք պարզություն,— արտասանեց նա երերվող ձայնով,— այդ անկարելի է։

— Գիտեմ անկարելի է, չէ՞ որ բռնակալ վերահսկողը