Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերի մեջ հասուն խելքի հետ անդրադառնում էին հոգու տգեղությունը և կամքի անշեղությունը։

Այստեղ Գայանեի միտքը դարձյալ թռավ դեպի համեմատություն։ Նրա առջև պատկերացավ մի ժամանակվա յուր գեղեցիկ ամուսնու այժմյան կուշտ, կարմիր դեմքը, ուռած այտերով և յուղալի աչքերով։ Ի՛նչ տարբերություն. մեկի մտքի կորովությանը տեղի էր տվել մարմնի պարարտությանը, հոգին սրտի հետ պատել էր թանձր ճարպով։ Մյուսի հոգեկան ուժը տաշել և հղկել էր նրա ոչ-գեղեցիկ դեմքը և դարձրել միանգամայն անճանաչելի։

Յուր կողմից Դիմաքսյանը գաղտուկ դիտում էր տիկնոջը և գրեթե նույն փոփոխությունը տեսնում։ Ճշմարիտ է, չկար նախկին թարմությունը և աշխույժը, կենսականության հուրը առաջվա զորությունով չէր փայլում նրա կապուտակ աչքերի մեջ։ Բայց սրա փոխարեն նրա դեմքը այժմ այնքան մտախոհ, լուրջ և արտահայտիչ էր դարձել, որ Դիմաքսյանը այժմյան Գայանեին չէր կամենալ փոխել առաջվա արագաշարժ, զվարթ և վառվռուն օրիորդի հետ։ Ընտանեկան անհաջող կյանքը, հոգու հարատև տառապանքը խլել էին նրա երիտասարդական կրակը և փոխարենը պարգևել մի մեղմ, մի հեզ, մի անուշ թովչություն։ Օ՜о ո՛րքան նա պաշտելի էր յուր դժբախտության մեջ և որքան անմատչելի յուր բարձրության վրա։

Նայելով նրան, Դիմաքսյանի մեջ զարթնում էին ամենաազնիվ և ամենաանարատ զգացումներ։ Նա պատրաստ էր այդ անբախտ կնոջ համար հանդիսանալ մի անկեղծ, անձնվեր պաշտպան և յուր սրտի նվիրական հուրը զոհել նրա բախտին։ Եվ նա փափագում էր, բայց չգիտեր ինչ խոսքերով արտահայտել այդ զգացումը։ Միևնույն ժամանակ նա սաստիկ ցանկանում էր, որ Գայանեն պարզի յուր ցավերը նրա առջև անկեղծաբար, հավատալով նրա ազնվությանը: Նրան թվում էր, թե Գայանեն ինքը զգում է այդ տեսակ պահանջ, որ ապերջանիկ կնոջ դառնություններն այնքան ծանր և անտանելի են, որ պատրաստ է մի հավատարիմ մարդու մոտ պարզել յուր սիրտը։ Սակայն նույն «կեղծությունը» կաշկանդում է նրա լեզուն։