Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասանում, այնքան անկեղծություն և ազնվություն էր բուրում նրա դեմքից, ձայնից և ամբողջ էությունից, որ Գայանեն չկարողացավ ո՛չ վիրավորվել, ո՛չ հակաճառել։ Նա տեսնում էր յուր առջև մի մարդ, որ ոչնչով չէր նմանվում այն բոլոր մարդկանց, որոնց մինչ այդ օրը նա հանդիպել էր։ Մի մարդ, որ որքան համարձակ, աներկյուղ և մինչև անգամ հանդուգն լիներ, այնքան նրա հոգին բարձր էր, սիրտը անարատ և խելքը անշեղ, կտրուկ։ Նա այդպես զգաց և հուզվեց։ Նա այլևս չկարողացավ պաշտպանվել, կեղծել, թաքցնել յուր դժբախտությունը։ Եվ ի՞նչ օգուտ, քանի որ պետք է նորից ստեր նրա առջև և նորից ցույց տար յուր հոգու տկարությունը։

Զգացված մինչև հոգու խորքը, նա գլուխը դարձյալ թեքեց կրծքին և կամացուկ արտասանեց.

— Ես հավատում եմ ձեր ազնվությանը...

Նույն վայրկյանին նա խոսքը ընդհատեց և իսկույն ոտքի կանգնեց։ Նա դողում էր, նա մի տարօրինակ երկյուղի մեջ էր։ Կարծես, մի բան էր արել, որ չպիտի աներ, մի համարձակ, մի վերին աստիճանի պատասխանատու քայլ, որ, միևնույն ժամանակ, ցույց էր տալիս նրա հոգու ուժը և կամքի ինքնուրույնությունը։ Նա նայեց գետնին, ապա գլուխը բարձրացրեց։ Կարծես նա ուզում էր խոսքը կիսատ թողնել և հեռանալ, բայց տատանվում էր։

Այնինչ՝ Դիմաքսյանի սիրտը լցվել էր ասպետական հպարտ զգացումներով։ Այն կինը, որին պաշտում էր, որի պատկերը մի քանի տարի շարունակ չէր հեռանում նրա մտքից և աչքերից, վերջապես, ասում է, թե հավատում է նրա ազնվությանը։ Նա չի մերժում նրա բարեկամությունը, չի վիրավորվում նրա պարզախոսությունից։ Ի՛նչ անսպասելի երջանկություն։

Տիկինը լուռ մեկնեց նրան յուր ձեռը։ Նա պատրաստ էր խոնարհվել և համբուրել այդ ձեռը ինչպես մի սրբություն։ Բայց այդ անկարելի էր, բնական ամոթխածությունը մի անգամ ևս կաշկանդեց նրան։ Եվ նա, ջերմագին սեղմելով Գայանեի ձեռը, ասաց.

— Արդյոք ես ձեզ վիրավորեցի՞։