Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառո՞վ, և մեռնել այդ երիտասարդ հասակո՞ւմ, երբ կնոջ համար մի նոր կյա՞նք է սկսվում։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Գանգատվե՞լ։ — Ո՞ւմ և ինչպե՞ս։ Նա Պյոտր Սոլոմոնիչի օրինավոր կինն է, եկեղեցական անխախտելի կապով շաղկապված այդ ատելի, զազրելի և այժմ սարսափելի ծերունու հետ։ Եվ տիկինը, կծու վշտերից արբեցած, անիծում էր ամենքին և՛ ամեն ինչ, և՛ հասարակական կարծիք ու օրենքներ, և՛ եկեղեցի ու կրոն, և՛ յուր հոր գերեզմանը, և՛ ամբողջ աշխարհը։

Խորին վշտերը անխնա սպառնում էին նրա ուժերը։ Նա թառամում էր ոչ օրերով, այլ ժամերով, րոպեներով, ինչպես արմատից կտրված մի քնքուշ ծաղիկ։ Սակայն այդ անբախտ վիճակի մեջ էլ նա չէր մոռանում յուր սովորական կոկետությունը։ Ոչինչ նրան այնքան չէր վշտացնում, որքան յուր արտաքին փոփոխությունը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես վաղ պշկում է և դալկանում յուր գեղեցկությունը, որ այնքան երիտասարդներ է հրապուրում։ Եվ բարկությունից նա ճանկրտում էր յուր մարմինը, ինչպես կատաղած կապիկ, փետտում էր գլխի առատ մազերը, որոնց մեջ սպիտակները օրեցօր շատանում էին։

Երբեմն նրա փափուկ ու նեղ ճակատի տակ հղանում էին չար մտքեր։ Թողնելով ծերունու տառապանքը անուշադիր, մոռանալ նրա հալածանքները, հասցնել ծայրահեղ հուսահատության և սպանել նրան կամացուկ, դանդաղ մահով։ Կամ մի հարված, ձեռի մի թեթև շարժում գիշերային լռության մեջ, ննջարանի մութ անկյունում, և ծերունու քայքայված կյանքի վերջին թելը կտրել։ Իսկ հետո՞, եթե հանցանքը բացվի՞, ի՞նչ կլինի նրա դրությունը։ — Ո՛չ, ո՛չ, սոսկալի է։

Այդ դժոխային մտքերի տակ նա դարձավ լուռ, ինչպես թունավոր օձ։ Շրջում էր նա սենյակից սենյակ, ինչպես լուսնոտ, մռայլ հայացքներ ձգելով յուր շուրջը։

Այնինչ՝ Պյոտր Սորոմոնիչը արթուն աչքերով հսկում էր նրան, դիտում էր նրա ամեն մի քայլը։ Կնոջ լռությունը նրա մեջ հղացրեց մի ուրիշ կասկած։ Նա առաջ էլ համոզված էր, որ Աննան հոգով ու սրտով ցանկանում էր նրա մահը։ Իսկ այժմ մտածեց, որ զայրացած կինը նրա համար մահ է