Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութում։ Նա սկսեց զգույշ վարվել և գիշեր ու ցերեկ հետամուտ լինել նրա ամեն մի քայլին։

Մի անգամ Աննան պատահաբար նրա բարձի տակ տեսավ մի ատրճանակ։ Նա վախեցավ։ Չգիտեր, թե ծերունին այդ զենքը ձեռք է բերել անձնապաշտպանության և ոչ թե նրան սպանելու համար։ Մի ուրիշ անգամ տիկինը նկատեց, որ Պյոտր Սոլոմոնիչը ուշադրությամբ փորձում է ննջարանի դռների և լուսամուտների ամրությունը։ Աա՛, անպատճառ նա ուզում է սենյակը փակած սպանել նրան, որպեսզի ոչ ոք չլսի նրա մահվան աղաղակները։

Այնուհետև մարդ ու կին փոխադարձաբար միմյանցից վախենում էին և միմյանցից զգուշանում։ Ճաշից առաջ Պյոտր Սոլոմոնիչը մտնում էր խոհանոց, նայում էր կերակրի կաթսաները, հարցուփորձ էր անում խոհարարին պաշարեղենի մասին։ Ճաշի ժամանակ նա աչքի տակով հետևում էր կնոջ ձեռներին, երբեմն հացի կտորը, կերակրի պնակը, գդալը, պատառաքաղը փոխելով նրա հետ։

Գիշերները նա քնում էր կնոջից ուշ և վեր էր կենում առավոտյան շատ վաղ, միշտ ձեռքում սեղմած ատրրճանակի կոթը։ Պատահում էր, որ ինքն իրանից դժգոհ էր լինում։ Կարծում էր, թե մի ինչ-որ մեղք է գործել, մի շատ ծանր մեղք, բայց թե ինչ — չգիտեր։ Կամենում էր աղոթք անել — չէր կարողանում։ Նրան թվում էր, որ աստված իրանից երես է դարձրել, ինչպես մի հանցավորից։

Նա ուզում էր երեխաներին փայփայել, հայրական սեր ցույց տալ, այդ էլ չէր հաջողվում: Նրա փաղաքշանքները դուրս էին գալիս կոշտ, սերը — բռնազբոսիկ, իսկ համբույրները ցուրտ, ինչպես սառած ապակիից — գոնե այսպես էր թվում նրան։ Մանկական անմեղ բիբերի մեջ նա կարդում էր երկյուղ, և նրա սիրտը մորմոքվում էր այնպես, որ ներքին տանջանքից աչքերը փակում էր և գլուխը բռունցքներով ամուր սեղմում։

Նույն երկյուղը տեսնում էր և բոլոր տնեցիների դեմքերի վրա։ Նրան թվում էր, որ ծառաները իրանից սարսափում են, ինչպես մի վտանգավոր մարդուց, մի խելագարից, բայց,