Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միևնույն ժամանակ, և՛ խղճում են նրան։ Օ՜օ, ոչ ոք, ոչ ոք իրավունք չունե նրան խղճալու...

Երբեմն նա գանգատվում էր Օվսաննային, թե գլուխը ցավում է, ականջները խշխշում են, ոտները չեն հնազանդվում նրան, քայլել չի կարող։

«Այստեղ, այստեղ,— ասում էր, ձեռով ցույց տալով սրտի կողմը,— կարծես, մի քար են դրել։ Քարը սեղմում է, սեղմում, կարծես, նրա տակից մի բան է ուզում դուրս գալ և ինձ խեղդել։ Օվսաննա, Օվսաննա, երանի քեզ, որ ջահել ես...»։

Ընտրողական պայքարի ամենատաք միջոցին մի օր նրա մոտ եկավ Ամբակում Աֆանասևիչը։ Հավատարիմ «քաղքցին» զարմանք հայտնեց, որ մի ժամանակվա եռանդուն իրավասուն այժմ ոչ միայն չի հետաքրքրվում քաղաքային շահերով, այլև տնից էլ չի դուրս գալիս։ Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, խոմ հիվա՞նդ չէ։ «Հիվանդ» բառը Պյոտր Սոլոմոնիչին վախեցրեց։ Ոչ, ո՞վ ասաց, որ նա հիվանդ է, ընդհակառակը շատ առողջ է։

— Բաս ինչո՞ւ ես տանը փակվել, հեր օրհնած, խոմ մուրհակներդ պրոտեստ չեն արել,— շարունակեց հետաքրքրված Ամբակում Աֆանասևիչը։

Հարկավ, նա շատ լավ գիտեր յուր բարեկամի հասարակությունից փախչելու պատճառը։ Նա անկեղծ խղճում էր ծերունուն և այժմ եկել էր մի կերպ նրան մխիթարելու։ Նա թախանձվեց Պյոտր Սոլոմոնիչին՝ դուրս գալ մի քիչ զբոսնելու։ Ծերունին դրականապես մերժեց։ Սակայն նա կամենում է իմանալ ի՞նչ են խոսում յուր մասին հասարակության մեջ և չգիտեր ինչպես հարցներ։ Նա մի խորը զննողական հայացք ձգեց Ամբակումի երեսին՝ գոնե իմանալու, թե նա ինչ է մտածում։ Բայց Ամբակումը խորամանկությամբ խույս տվեց յուր միտքը մինչև անգամ լուռ արտահայտելուց և կատակով ասաց.

— Բժիշկները ինձ խորհուրդ են տվել օրական յոթ վերստ մացիոն անեմ, որ փորս մի քիչ բարակի։ Արա, Պետրոս ջան, գնանք մի քիչ ոտով ման գանք, լավ եղանակ է, օգտակար է։ Փահ, այդ ի՞նչ մաշվել ես...