Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղացիներին գլխին հավաքած բացատրում է բնության տարրական օրենքները։ Կհասկանա՞ն արդյոք նրա լեզուն. գռեհիկները միջոց կտա՞ն արդյոք գործելու, թե՞ կծիծաղեն նրա վրա...

Այնինչ Դիմաքսյանն արդեն սկսել էր ձանձրանալ անգործությունից։ Խոսում էին, թե թեմական տեսուչը հրաժարական է տալիս, և այդ ճիշտ էր։ Նա կամեցավ այդ պաշտոնն ընդունել։ Նա փորձեց խնդրել ում հարկն է։ Գործը գլխավորապես կախված էր թեմական առաջնորդից։ Բայց նոր մի օր սրբազանի մոտ հիշեցին Դիմաքսյանի անունը, ասացին, թե նա պատրաստ է մինչև անգամ անվարձ ծառայել, նա երեսին խաչակնքելով, արտասանեց.

«Հրաժարիմք ի չար սատանայե»։

Այսպիսով, մի անգամ ևս նա զգաց յուր հակառակորդների ուժը։ Բայց չհուսահատվեց։ Ոչինչ, եթե մի տեղ փակեն ճանապարհը, նա մյուս տեղ ասպարեզ կգտնի, բավական է, որ գործելու ցանկությունը չմեռնի նրա սրտում։

Մի օր նա յուր սովորական մտքերի մեջ խորասուզված, Ալեքսանդրյան այգու մոտով բարձրանում էր դեպի քաղաքի կենտրոնը։ Նրա հետևից լսվեց յուր անունը և, հետ նայելով, տեսավ Սալամբեկյանին, որին վաղուց չէր հանդիպել։ Բժիշկը վերադառնում էր հիվանդանոցից ոտով։ Նա միակ մարդն էր յուր արհեստակիցների մեջ, որ չէր ամաչում ոտով շրջել։

— Տխուր նորությունը լսե՞լ ես,— ասաց բժիշկը, սովորական բարևներից հետո։

— Ի՞նչ է պատահել։

Բժիշկը հաղորդեց Բախտամյանի կաթվածահար լինելու լուրը։ Բանն այն է, որ մոտիկ բնակվելով, ամենից առաջ իբրև բժիշկ նա էր կանչվել ծերունուն օգնելու։ Գնացել էր, իհարկե, բայց ի՞նչ օգուտ, բանը բանից անցած էր։ Բախտամյանն այժմ կես մարդ է։

Լուրը Դիմաքսյանի վրա տպավորություն գործեց։ Ինչ և լիներ, նա Պյոտր Սոլոմոնիչին համարում էր բարեսիրտ և ազնիվ մարդ։ Նա հոգով խղճաց ծերունուն։ Նա հարցրեց դժբախտության պատճառը։ Բժիշկը, գլուխը խորհրդավոր շարժելով, արտասանեց.