Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Հարյուր տեսակ բաներ են պատմում, ո՛վ գիտե։

Նա հաղորդեց այդ պատմվածներից այն, որ ավելի հավանական էր թվում և որի մասին ամենքը խոսում էին։

— Բայց ասա՛, Արսեն,— վերջացրեց նա յուր խոսքը,— միթե այդ կարելի՞ է, միթե դու հավատո՞ւմ ես։

Դիմաքսյանը կկամենար չհավատալ «տարածված լուրին», բայց մի ներքին ձայն համոզում էր նրան, որ ոչ միայն կարելի է, այլև կատարված իրողություն է այն, ինչ որ լսել է բժիշկը։

— Վա՛տ մարդ,— գոչեց Սալամբեկյանը, մինչև հոգու խորքը վրդովված,— խաբել, տանջել մի այնպիսի հազվագյուտ կնոջ և այն էլ ի՞նչ միջոցով։

Դիմաքսյանը դառնությամբ ժպտաց և ոչինչ չասաց։ Այն բանը, ինչ որ այժմ էր յուր ընկերոջը վրդովեցնում, վաղուց նրան վշտացնում էր։ Նրա աչքի առջև պատկերացած էին միշտ երկու ծանոթ ընտանիքներ, երկուսն էլ անբախտացած։ Նա վրդովված է մի թշվառ ծերունու դեմ, որ յուր մաշված, քայքայված կյանքը կապել էր մի երիտասարդ կնոջ թարմ կյանքի հետ և դժբախտացրել թե՛ իրան և թե՛ նրան։ Նա կատաղած էր մի երիտասարդի դեմ, որ յուր վատթար կրքերի պատճառով թշվառացրել էր երեք կյանք։ Դեռ ոչինչ ծերունին, նա յուր գոյության շրջանն արդեն անց էր կացրել, նա արժանի է յուր պատժին։ Գուցե ավելի ցավալի է նրա կնոջ վիճակը, գուցե նրան պետք է խղճալ...

Իսկ այն «մյո՞ւսը» — ահա բուն դժբախտը։ Ինչո՞ւ «նա» պետք է թշվառանա, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, մի՞թե նույնպես յուր սխալի համար...

Եվ Դիմաքսյանի մտքերը պղտորվեցին։ Նա հիշեց յուր գուշակությունը Գայանեի ապագայի մասին. չէ՞ որ գիտեր, որ վերջն այդպես պետք է լինի։ Բայց անցավ եսական զգացումը, և նա զգաց մի սուր դառնություն այն էակի վիճակի համար, որին նա սիրում էր անհուն սիրով։ Բաժանվելով Սալամբեկյանից, նա երկար ժամանակ խորհում էր նրա մասին։ Մի՞թե պետք է նրան այդ վիճակի մեջ թողնել, մի՞թե չի կարելի նրան օգնել։ Բայց ինչպե՞ս և ի՞նչ իրավունքով։

Ցավալի էր նրա համար ամենից ավելի այն, որ չկար