Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սալամբեկյանն առավ նրա թևը և առաջնորդեց մյուս սենյակ։ Մինչև նա խոսում էր բժշկի հետ, մի տարիքավոր տիկին գլուխը մոտեցրած սկսեց ականջ դնել, աչք-ունքով զանազան նշաններ անելով մյուս կանանց։ Դիմաքսյանը նկատեց այդ նշանները և այնքան զայրացավ, որ քիչ էր մնում մի խիստ նկատողություն անի տարիքավոր տիկնոջը։ Նա միայն մի բարկացկոտ հայացք ձգեց յուր շուրջը։ Տարիքավոր տիկինը սարսափած հետ քաշվեց, և Դիմաքսյանը լսեց, որ նա շշնջաց. «Երևում է, երևում է»։

Վերջապես, նա ներողություն խնդրեց Կարինյանից և դուրս եկավ։ Նրա հետևից դուրս եկավ և՛ Սալամբեկյանը։

— Ո՞ւր ես շտապում, — հարցրեց նա։

— Ասա ինձ, ի սեր մեր ընկերության, այս կանայք ի՞նչ են խոսում իմ մասին։ Բժիշկը աշխատեց ժպտալ։

— Այսօր ես քեզ դիտմամբ բերեցի այստեղ,— պատասխանեց նա,— և նպատակով էի ասում, որ դու քեզ ազատ պահես։ Լսի՛ր, չգիտեմ ինչ պատճառով և ինչպես, մի հիմար լուր է տարածվել։ Քո մասին պտտում են զանազան առասպելներ և բոլորը հնարված են մի բան ապացուցանելու համար, այն է, որ դու իբրև թե ցնդվել ես։ Մի՛ զարմանար և մի՛ բարկանար, բավական է մի թեթև լուր, որ ամբոխի բերանում մեծանալով դառնա հրեշավոր պատմություն։ Ես չգիտեմ, ով է հնարել այդ լուրը, բայց համոզված եմ, որ այդ քո թշնամիների գործն է։ Ահա ինչու են շշնջում և ինչ են շշնջում այդ կանայք քո մասին։

Արտասանելով այս խոսքերը, բժիշկը փորձեց ծիծաղել, բայց նույն վայրկյանին նրա հայացքն ընկավ Դիմաքսյանի այլայլված դեմքին, և ծիծաղը մնաց սառած նրա շրթունքների վրա։ Դիմաքսյանը ձեռով շփեց ճակատը, տրորեց աչքերը, գլուխը երերեց, կարծես, իրանից մի միտք հեռացնելու համար և արտասանեց.

— Աա՜, այդպես ուրեմն... ինձ խելագա՞ր են համարում։

Հետո նա, մի արագ շարժում գործելով, ավելացրեց.

— Գուցե իմ թշնամիները չեն սխալվում։